top of page

ՖԻՖԱ-ն և Netflix-ը նոր ֆուտբոլային uիմուլյատոր կթողարկեն ԱԱ-2026-ին ընդառաջ

  • Writer: Lilit
    Lilit
  • 15 minutes ago
  • 1 min read

ree

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես հայտարարել է Netflix սթրիմինգային ծառայության հետ համագործակցության մասին։ Այս գործընկերության արդյունքում կթողարկվի FIFA-ի լիցենզիայով նոր ֆուտբոլային խաղ, որը հասանելի կլինի 2026 թվականի ամռանը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկին ընդառաջ։

Սա կլինի առաջին խոշոր նախագիծը FIFA ապրանքանիշի ներքո՝ Electronic Arts-ի (EA) հետ երկարատև համագործակցության դադարեցումից հետո։

Խաղի մշակմամբ և հրատարակմամբ զբաղվում է կալիֆոռնիական Delphi Interactive ստուդիան։ Նախագիծը բացառիկ իրավունքով հասանելի կլինի Netflix Games բաժնում։

Խաղն անվճար կլինի Netflix-ի բոլոր բաժանորդների համար։

Այն հնարավոր կլինի խաղալ ինչպես բջջային սարքերով, այնպես էլ հեռուստացույցով՝ օգտագործելով սմարթֆոնը որպես կառավարման վահանակ (controller)։

Ի տարբերություն բարդ սիմուլյատորների, այս խաղը նկարագրվում է որպես «արագ յուրացվող» և հասանելի բոլորի համար։ Շեշտը դրված է լինելու մրցաշարի էմոցիոնալ և զվարճալի կողմի վրա։ Նախատեսված են ինչպես միայնակ (solo), այնպես էլ առցանց (online) ռեժիմներ։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն այս համագործակցությունը որակել է որպես պատմական քայլ.

«Մենք ուրախ ենք միավորել ուժերը Netflix Games-ի և Delphi Interactive-ի հետ։ Սա առանցքային պահ է ֆուտբոլային խաղերի ոլորտում նորարարությունների մեր ձգտման ճանապարհին: Մեր վերաիմաստավորված խաղը նշանավորում է թվային ֆուտբոլի նոր դարաշրջանի սկիզբը և նպատակ ունի գրավել միլիարդավոր երկրպագուների ամբողջ աշխարհում»:

Netflix-ի խաղերի բաժնի նախագահ Ալեն Տասկանն իր հերթին նշել է․

«ԱԱ-2026-ը լինելու է տարվա մշակութային իրադարձությունը։ Մենք ցանկանում ենք ֆուտբոլը վերադարձնել իր արմատներին՝ ստեղծելով մի խաղ, որը յուրաքանչյուրը կարող է խաղալ՝ պարզապես մեկ կոճակ սեղմելով»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի վերջին ՖԻՖԱ-ն և EA Sports-ը դադարեցրել էին իրենց երկարամյա գործընկերությունը։ EA-ն շարունակեց թողարկել իր սիմուլյատորները EA Sports FC անվանմամբ, իսկ ՖԻՖԱ-ն փնտրում էր նոր գործընկերներ։ Թեև շրջանառվում էին լուրեր 2K Games-ի հետ հնարավոր գործարքի մասին, ի վերջո ընտրությունը կանգ առավ Netflix-ի վրա։

Խաղի վերաբերյալ այլ մանրամասներ կհրապարակվեն 2026 թվականին։

1/3048
bottom of page