top of page

Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես է եկել Իրերի ինտերնետի մասին դասախոսությամբ՝ «Narrow Band IօT» ցանցի օրինակով (լուսանկարներ)

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 2 min read

ree

Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը «Viva University» ծրագրում ընդգրկված ուսանողների համար հանդես է եկել «Ժամանակակից անլար համակարգեր, IoT և ցանցեր» խորագրով դասախոսությամբ: Ավետիսյանը խոսել է IoT-ի (իրերի ինտերնետ) տեխնոլոգիայի զարգացման միտումների, կիրառական լուծումների, ինչպես նաև թվային դարաշրջանում բիզնես առաջնորդության կարևորության մասին։ 

«Թվայնացումն իր հետ բերում է բիզնես մոդելների և գործընթացների փոփոխություն՝ ազդելով նաև սոցիալ-տնտեսական ու հասարակական զարգացումների վրա։ Ընկերությունները պետք է պատրաստ լինեն արագ արձագանքել թվային փոխակերպման առաջարկած հնարավորություններին, որոնցից մեկն էլ Իրերի ինտերնետն է (IoT)», – ասել է Արմեն Ավետիսյանը։

ree

«Եթե ավանդական հեռահաղորդակցության ենթակառուցվածքը համեմատենք թվային տնտեսության երակների հետ, ապա IoT-ցանցերն՝ համատեղ հարթակների, մեծ տվյալների և արհեստական բանականության հետ, դառնում են դրա նյարդային համակարգը և ուղեղը։ Narrowband IoT-ը ընդամենը գործիք է տեխնոլոգիաների մեծ հավաքածուում, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում “զգալ” քաղաքի, բիզնեսի և շրջակա միջավայրի վիճակը և այդ ազդակները վերափոխել իմաստալից լուծումների։ Մարդկանց համար սա նշանակում է ավելի հարմար և անվտանգ ծառայություններ առօրյա կյանքում, բիզնեսի համար՝ թափանցիկ գործընթացներ, կանխատեսելի սպասարկում և արդյունավետության աճ, իսկ պետության համար՝ տվյալահենք խելացի ենթակառուցվածք և հանրային ծառայությունների որակի բոլորովին նոր մակարդակ», - նշել է Ավետիսյանը։

Գլխավոր տնօրենը ընդգծել է, որ ներկայում Viva-ն իրականացնում է «Narrowband IoT» հատուկ ցանցի կոմերցիոն շահագործում։ Այս նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ կառուցված է Իրերի ինտերնետի համար և նախատեսված է բջջային ցանցերին միացնելու ինքնավար բազմաթիվ սարքեր ու սարքավորումներ։

Իրերի ինտերնետը տեխնոլոգիական միջավայր է, որտեղ տարբեր սենսորներ և սարքեր միացված են ինտերնետին և միմյանց հետ փոխանակում են տվյալներ առանց մարդու միջամտության։ Օրինակներ են խելացի ջրաչափերը, էլեկտրաէներգիայի հաշվիչներ, ավտոկայանման սենսորներ, շրջակա միջավայրի մոնիտորինգի սարքեր, գյուղատնտեսական խոնավաչափեր և այլն։

ree

«Այսօր արտադրությունում և կենցաղում IoT համակարգերի մշակման, ներդրման և սպասարկման համար անհրաժեշտ են նոր հմտություններով մասնագետներ։ IoT տեխնոլոգիաների դերը գնալով մեծանում է, քանի որ դրանց վրա է հիմնվում արհեստական բանականության հետագա զարգացումը, որն իր հերթին կարող է զգալիորեն բարձրացնել բիզնես գործընթացների արդյունավետությունն ու կյանքի որակը», – նշեց Ավետիսյանը։

1/3048
bottom of page