top of page

Իտալիայում դենգե տենդով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ է գրանցվել

  • Oct 4, 2024
  • 1 min read

Իտալացի գիտնականները երկրի կենտրոնական Մարկե շրջանում ահազանգում են դենգե տենդի դեպքերի կտրուկ աճի մասին, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է  վիրուսի տարածմանը, հայտնում է Reuters-ը։

Այս հիվանդությունը, որը որոշ հիվանդների շրջանում առաջացած ուժեղ ցավի և ջղաձգության պատճառով հայտնի է նաև որպես «կոտրվող ոսկորի տենդ», տարածում են մոծակների որոշ տեսակներ:

Այդ տենդն ամեն տարի Ասիայում և Լատինական Ամերիկայում միլիոնավոր վարակների և տասնյակ հազարավոր մահերի պատճառ է դառնում: Վիրուսը տարածվում է նաև հարավային Եվրոպայում, և ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի այս տարի Իտալիայում 500 դեպք է արձանագրվել: Օգոստոսի կեսից ի վեր Ֆանո փոքր քաղաքը ունեցել է ավելի քան 100 հաստատված դեպք, որոնցից 35-ը հոսպիտալացվել են, հայտնել են իշխանությունները՝ հավելելով, որ ևս 10 կասկածելի դեպք սպասում է հաստատմանը:

Միլանի մոտակայքի Լոմբարդիայի խոշոր հյուսիսային շրջանն անցյալ տարի ամենաշատն է տուժել Իտալիայում, որտեղ ավելի քիչ, քան 80 դեպք է գրանցվել: Երկիրն այս տարի մահվան դեպքեր չի արձանագրել, բայց բժիշկները մտահոգված են, որ պատկերը կարող է ավելի վատ լինել, քան թվում է, քանի որ շատ անախտանիշային դեպքեր չեն հաղորդվում:

«Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, պաշտոնապես գրանցվածների համեմատ վարակման դեպքերն առնվազն կրկնապատկվել են։ Հուսանք՝ ձմեռը շուտով կգա»,- Facebook-ում գրել է Միլանի Սան Ռաֆայելեի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Ռոբերտո Բուրիոնին։ Գիտնականները դեռ փորձում են հասկանալ, թե ինչու է Ադրիատիկ ծովի ափի 60 հազար բնակչությամբ ափամերձ Ֆանո քաղաքն այդքան սաստիկ տուժել:

1/3232
bottom of page