top of page

«Լավրովի հայտարարությունները խիստ վտանգավոր ենթատեքստ են պարունակում»․ քաղաքագետ

Mar 3, 2024
2 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա է դաժան իրականությունը. պետականության կոլապսի ուրվականը «Ցավում ենք, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել ՌԴ-ի հետ վարել հարաբերությունների վատթարացման քաղաքականություն», «Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը շարունակելու հարցում Հայաստանի վերջնական որոշմանը. նրանք պետք է կողմնորոշվեն»:Այս երկու հայտարարությունների հեղինակը Լավրովն է ու դրանք խիստ վտանգավոր ենթատեքստ են պարունակում Հայաստանի համար:Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, որի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, հատկապես իր վերջին հայտարարություններով, որոնցով նա ազդարարեց, թե «Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին»: Հատուկ մանիպուլյացիայի սիրահարների համար արձանագրեմ, որ ես սկզբունքորեն մերժում եմ «մետությունը» և բալանսավորված քաղաքականության հետևողական կողմնակից եմ ու պնդում եմ, որ, այո՜, Փաշինյանը գիտակցված որոշման արդյունքում է գնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման (ինձ համար բացարձակ միևնույն է, որ այս պնդումն անում է նաև Լավրովը, ով ընդամենը փաստն է արձանագրել)՝ դիվերսիֆիկացիայի փոխարեն նախընտրելով ստրատեգիական կողմնորոշման փոփոխության արկածախնդիր քաղաքականությունը:Մյուս հատուկ արձանագրումս վերաբերում է միջազգային հարաբերություններից չհասկացող մարդկանց, ովքեր մի քանի օր շարունակ պնդում են «արտաբլոկային» Հայաստանի առավելությունները:Այս մարդիկ չեն հասկանում, որ ներկայիս Հայաստանը զրոյական դերակատարություն ունի գլոբալ, անգամ տարածաշրջանային գործընթացների վրա ու, ցավոք, «արտաբլոկային» հեռանկարը դուրս է մեր ինքնուրույն որոշման տիրույթից:Եվ ուրեմն, Փաշինյանի շրջադարձը Հայաստանի համար ոչ թե կոմֆորտ չեզոքություն է ապահովելու, այլ նրան դարձնելու է աշխարհաքաղաքական սուր մրցակցության կռվախնձոր:Փաշինյանի գիտակցված հակառուսականությունն ընդամենը մեկ նպատակ ունի. նրա պրովինցիալ մտածողությունը միայն այս ճանապարհն է հնարավոր համարում Արևմուտքի «սիրելին» դառնալու համար:Արևմուտքի համար կարևոր է ոչ թե արդյունքը, այլ բուն գործընթացը, որի նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի և նաև Իրանի ազդեցության թուլացումն է: Ինչպիսին կլինի «արդյունքը», մանավանդ՝ Հայաստանի ճակատագրի մասով, արևմտյան շահախմբերին բացարձակապես չի հետաքրքրում:Կրկնվում է 1918-20թթ-ի սցենարը, վերցրեք հայոց պատմության որևէ ձեռնարկ ու թերթեք 100 տարվա վաղեմության իրադարձությունները նկարագրող էջերը:Լավրովի ամենավտանգավոր արտահայտությունը «ՀՀ ղեկավարության գիտակցված որոշում» ձևսկերպումն է:Սա նշանակում է՝ Մոսկվան այլևս մանևրելու հնարավորություն չի տալիս Հայաստանին՝ արագացնելով Փաշինյանի կողմից «պատմական» որոշման կայացումը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մտածված կերպով իրեն ազատում է պատասխանատվությունից՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:Երեկ էլ ԵՄ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը բաց տեքստով Հայաստանին հուշել է՝ ում դուռը ծեծել անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Հենց սա էր թաքնված Կլաարի հայտնի ձևակերպման տակ, որով Թուրքիան հռչակվում էր «ռեգիոնալ լիդեր», որը տրամաբանորեն պետք է ապահովի Հայաստանի «ազատագրումը ռուսական լծից»:Էրդողանի երաշխիքների հետևանքը լինելու է հայկական պետականության շնձահեղձումը թուրք-ադրբեջանական աքցանի մեջ, լավագույն դեպքում՝ տարածքային կորուստներով ռուսական գուբերնիայի տխուր հեռանկարը, եթե Մոսկվան և Անկարան վերանայեն իրենց 1921թ-ի պայմանավորվածությունները՝ ռեգիոնալ նոր բալանսի համատեքստում:Սա է դաժան իրականությունը:Փաշինյանը բալանսավորված քաղաքականության, հայ- ռուսական և հայ-թուրքական նոր որակի հարաբերությունների հաստատմամբ Հայաստանի պետականության լինելությունը երաշխավորելու փոխարեն՝ ընտրել է մեր պետականության կոլապսի ճանապարհը»։

1/3638
bottom of page