top of page

1-4-րդ դասարանների աշակերտների սննդի համար օրական մինչև 171 դրամ է հատկացվում․ «Iravaban.net»

2 days ago
1 min read


Հայաստանում պետական ֆինանսավորմամբ դպրոցական սնունդը նախատեսված է ոչ բոլոր աշակերտների, այլ նախակրթարանի և 1-4-րդ դասարանների սովորողների համար։ Այս մասին տեղեկացնում է «Iravaban.net»-ը՝ հղում անելով Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմանը։



Մեկ սովորողի համար օրական մեկանգամյա տաք սննդի կազմակերպման նպատակով հատկացվում է 151 դրամ։ Եթե դպրոցը չունի համապատասխան խոհանոցային պայմաններ և տաք սննդի փոխարեն տրամադրվում է չոր սնունդ, մեկ աշակերտի համար նախատեսվում է օրական 171 դրամ։



Այս գումարները ֆինանսավորման նորմատիվներ են և հատկացվում են դպրոցին՝ սննդի կազմակերպման համար։ Դրանք չեն նշանակում, որ յուրաքանչյուր աշակերտի տրամադրվող սննդի արժեքը պարտադիր հենց 151 կամ 171 դրամ է։



Սննդի գումարը հաշվարկվում է նաև ըստ ուսումնական օրերի քանակի։ Հնգօրյա ուսումնական շաբաթվա դեպքում նախակրթարանի, 3-րդ և 4-րդ դասարանների համար հաշվարկվում է 170 օր, 1-ին դասարանի համար՝ 150, իսկ 2-րդ դասարանի համար՝ 160 օր։



Վեցօրյա ուսումնական շաբաթվա դեպքում նախակրթարանի, 3-րդ և 4-րդ դասարանների համար նախատեսվում է 204 օր, 1-ին դասարանի համար՝ 180, իսկ 2-րդ դասարանի համար՝ 192 օր։



Սահմանված է նաև խոհարարների հաստիքների քանակը։ Մինչև 100 սնվող աշակերտի դեպքում նախատեսվում է 0,5 հաստիք, 100-250 աշակերտի դեպքում՝ 1, 250-500-ի դեպքում՝ 2, իսկ 500 և ավելի աշակերտի դեպքում՝ 3 հաստիք։



Որոշմամբ նախատեսված են նաև դպրոցականների հետ կապված այլ ծախսեր։ Մասնավորապես, անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ սոցիալական աջակցության այլ ծրագրերից օգտվող ընտանիքների 5-րդ և բարձր դասարանների աշակերտների համար նախատեսվում է դասագրքերի վարձավճարի փոխհատուցում։ Ըստ «Iravaban.net»-ի՝ դրա համար ծնողից առանձին դիմում չի պահանջվում։



Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար նախատեսվում է նաև 27 հազար դրամ՝ մեկ սովորողի հաշվարկով։

1/3617
bottom of page