Հայաստանը՝ ամանորյա ամենամատչելի ուղղությունների թոփում

Հայաստանը ներառվել է ամանորյա տոներին ռուսաստանցիների համար ամենամատչելի արտասահմանյան ուղղությունների շարքում։ Այս մասին վկայում է OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության հետազոտությունը, որը հրապարակել է «ՏԱՍՍ»-ը։
Հետազոտության համաձայն՝ արտասահմանյան ուղղությունների շարքում ամենամատչելի տարբերակը Բելառուսն է։ Ամանորյա տոներին այնտեղ մեկ ուղղությամբ ավիատոմսի միջին արժեքը կազմում է 10 800 ռուբլի, իսկ հյուրանոցում մեկ գիշերվա համար անհրաժեշտ կլինի վճարել մոտ 15 500 ռուբլի։
Երկրորդ տեղում Հայաստանն է։ Դեպի Հայաստան մեկ ուղղությամբ ավիատոմսի միջին արժեքը գնահատվում է 20 600 ռուբլի, իսկ հյուրանոցում մեկ գիշերակացը՝ մոտ 10 300 ռուբլի։ Հայաստանին հաջորդում է Վրաստանը, որտեղ ավիատոմսը միջինում կարժենա 20 900 ռուբլի, իսկ հյուրանոցային համարի մեկ գիշերը՝ 12 100 ռուբլի։
Ամանորյա ամենամատչելի արտասահմանյան ուղղությունների հնգյակում ընդգրկվել են նաև Ուզբեկստանն ու Ղազախստանը։ Դեպի Ուզբեկստան թռիչքի միջին արժեքը 24 200 ռուբլի է, հյուրանոցինը՝ 9 500 ռուբլի, իսկ Ղազախստանի դեպքում՝ համապատասխանաբար 26 100 և 9 800 ռուբլի։
Ռուսաստանցիների շրջանում ավանդաբար պահանջված Թուրքիան ավելի թանկ տարբերակ է․ մեկ ուղղությամբ ավիատոմսը միջինում արժե 29 400 ռուբլի, իսկ հյուրանոցում մեկ գիշերը՝ 14 100 ռուբլի։
Ցանկում ներառվել են նաև Աբխազիան, Տաջիկստանը, Ադրբեջանն ու Ղրղզստանը։ Դեպի Ադրբեջան մեկ ուղղությամբ ավիատոմսի միջին արժեքը կազմում է 32 600 ռուբլի, իսկ հյուրանոցում մեկ գիշերը՝ 15 600 ռուբլի։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ներսում ամանորյա հանգստին, ամենամատչելի ուղղությունը Պսկովն է, որտեղ մեկ ուղղությամբ թռիչքի միջին արժեքը 7 900 ռուբլի է, իսկ հյուրանոցում մեկ գիշերը՝ մոտ 7 890 ռուբլի։ Մատչելի ուղղությունների թվում են նաև Տամբովը, Կալուգան, Կազանը, Մոսկվան, Վելիկի Ուստյուգը, Սանկտ Պետերբուրգը, Յարոսլավլը, Իվանովոն և Ուֆան։




















