Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները

Տարվա վերջին ամիսը մի քանի կարևոր ժամկետ ունի։ Դեկտեմբերի 1-ին լրանում է գույքահարկի վճարման ժամկետը, 12-րդ դասարանցիները հունվարյան պետական ավարտական քննություններին պետք է դիմեն մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ մինչև տարեվերջ դեռ կարելի է պահանջել 2024 թվականին կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցում։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ժամկետները սահմանված են Հարկային օրենսգրքով, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ.-ի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թ.-ի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1067-Ն որոշմամբ։
1. Դեկտեմբերի 1. գույքահարկ
Ֆիզիկական անձինք բնակարանի, առանձնատան, հողամասի, ավտոտնակի և ավտոմեքենայի գույքահարկը պետք է վճարեն մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ (Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մաս, 251-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ծանուցագիր չստանալը չի ազատում հարկն ամբողջությամբ վճարելու պարտականությունից (233-րդ հոդվածի 4-րդ մաս, 248-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ՝ ժամանակին չվճարված գումարի 0,075 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար (401-րդ հոդված)։
2. Դեկտեմբերի 10. հունվարյան ավարտական քննություններ
12-րդ դասարանի սովորողը հունվարին պետական ավարտական քննություններին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է դպրոցի տնօրենին, իսկ հեռավար ուսուցման դեպքում կարող է դիմել էլեկտրոնային փոստով (N 78-Ն հրամանի հավելվածի 14-րդ կետ)։ Հրամանով դեկտեմբերի 10-ից հետո հունվարյան քննություններին դիմելու հնարավորություն նախատեսված չէ, սակայն սովորողը կարող է մինչև ապրիլի 1-ը դիմել հունիսյան քննություններին (15-րդ կետ)։
3. Մինչև տարեվերջ. 2024 թվականի սոցիալական ծախսերի փոխհատուցում
2024 թվականի հաշվետու տարվա մասով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը 2025 կամ 2026 թվականների ընթացքում հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) (N 1067-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ պարբերություն)։ Այսինքն՝ որոշմամբ 2027 թվականին ներկայացնելու դեպքում փոխհատուցման իրավունք նախատեսված չէ։ Ընդ որում, ծախսերը պետք է կատարված լինեն անկանխիկ և անմիջականորեն հայտարարատուի կողմից, բացառությամբ որոշմամբ նախատեսված դեպքերի (2.1-ին և 2.2-րդ կետեր), իսկ հաշվարկային փաստաթղթում պետք է նշված լինի ծախսը կատարած անձի հանրային ծառայությունների համարանիշը (3-րդ և 4-րդ կետեր)։ Փոխհատուցման առավելագույն չափը առողջապահության գծով տարեկան 50 000 դրամ է, կրթության գծով՝ ընդհանուր 100 000 դրամ (որից դասագրքերի վարձակալության մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար 3 000 դրամ), իսկ բոլոր ուղղություններով միասին՝ իր և ընտանիքի անդամների համար տարեկան 100 000 դրամ (8-րդ և 9-րդ կետեր)։ Ատամնաբուժական ծառայությունների ծախսերը փոխհատուցվում են միայն 2024 և 2025 թվականների մասով, իսկ սոցիալական փաթեթի շահառուներն ու պետության երաշխավորած անվճար բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների աշխատողներն ապահովագրական փաթեթի գծով կարող են փոխհատուցում ստանալ միայն այն ընտանիքի անդամների համար, ովքեր շահառու կամ այդ կազմակերպությունների աշխատող չեն (6-րդ կետ)։




















