top of page

Վարորդների վարքագիծը չի փոխվի միայն տուգանքների բարձրացմամբ. Խամոյան

7 hours ago
1 min read

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, որ երթևեկության խախտումների համար տուգանքների բարձրացումը բավարար չէ խցանումները նվազեցնելու համար։ Նա անհրաժեշտ է համարել ուսումնասիրել վարորդների վարքագիծը և դիտարկել նաև անհարկի ձայնային ազդանշաններն արձանագրող համակարգերի կիրառման հնարավորությունը։ Պատգամավորը այսօրվա նիստում այս մասին խոսել է ճանապարհային անվտանգությանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ։




«Ես շարունակում եմ պնդել, որ պետք է վարքագծային վերլուծության ենթարկել մեր երթևեկությունը, մեր վարորդների հոգեբանությունը։ Բոլոր այն խախտումները, որ կան, և բոլոր այն տուգանքները, որ մենք ավելացնում ենք, ես կարծում եմ, որ լուծում չի։ Հատվածական լուծումներով հնարավոր չի հասնել ծանրաբեռնված այս խցանումների նվազեցման»,- ասել է Խամոյանը։



Որպես օրինակ՝ նա անդրադարձել է վճարովի կայանատեղիների սակագների բարձրացմանը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, դրանից հետո մայրաքաղաքի կենտրոնում կայանատեղիների խնդիրը չի լուծվել։



Պատգամավորը կասկած է հայտնել նաև երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքն ավելացնելու արդյունավետության վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ եթե վարորդին չի զսպում երեխայի անվտանգությանը սպառնացող վտանգը, ավելի բարձր տուգանքը ևս կարող է չփոխել նրա վարքագիծը։



Խամոյանն անդրադարձել է նաև վարորդների կողմից ձայնային ազդանշանների չարաշահմանը։



«Այսօր ազդանշանը ոչ թե զգուշացնող գործիք է, այլ իր վիրավորանքը և զայրույթը արտահայտելու միջոց»,- ասել է նա։

1/3751
bottom of page