Ամբուլատորիաներում անվճար տրամադրվելիք դեղերը ճիշտ ժամանակին չեն տրվում. պատգամավորը՝ առողջապահության նախարարին
- Lilit Nalbandyan
- Sep 12, 2024
- 1 min read

Լինում են դեպքեր, երբ ամբուլատորիաների համար դեղորայքի մատակարարում իրականացնելու նպատակով մրցույթ է հայտարարվում, սակայն չեն լինում հաղթող կազմակերպություններ։ Այդ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում մի քանի անգամ մրցույթ հայտարարել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված համայնքների բնակիչների դժգոհություններն այն մասին, որ ամբուլատորիաներից անվճար տրամադրվելիք դեղերը ճիշտ ժամանակին չեն տրվում, տրվելու դեպքում էլ՝ անբավարար չափաբաժնով։
«Մենք գծագրել ենք դեղերի նոր համակարգ մեր ապահովագրական փաթեթի շրջանակում, որպեսզի նման խնդիրներ այլևս չունենանք։ Բացի այդ, շահառուների և փոխատուցվող դեղորայքի թվերը ցույց են տալիս, որ կտրուկ աճել է այն պացիենտների սպասարկումը, որոնց դեպքում առաջ հիսուն տոկոսով էր փոխհատուցվում դեղորայքը, կամ ընդհանրապես չէր փոխհատուցվում։ Նախորդ տարվա 900 մլն դրամի փոխարեն, այս տարի՝ սեպտեմբերի տվյալներով, մենք ծախսել ենք 1 մլրդ 450 մլն դրամ։ Բացի այդ, ցուցակներում նոր դեղեր են ավելացել»,–ասաց առողջապահության նախարարը։
Անդրադառնալով ոչ միան ամբուլատոր օղակից սպասարկվող բուժառուներին Անահիտ Ավանեսյանն ասաց. «Որոշակի հիվանդությունների պարագայում ավելացել են սպասարկման ծավալները։ Մի շարք քրոնիկ հիվանդությունների դեպքում, նախկինում պացիենտները իրենք էին հոգում դեղորայքի հարցը, հիմա դեղորայքը անվճար են ստանում պետությունից։ Խոսքը վերաբերում է, օրինակ, ցրված սկլերոզին և արտրիտին»։