Թաթոյանի պնդումները և Պապիկյանի հերքումը. ինչ են ցույց տալիս արբանյակային պատկերները. Civilnet
- 6 days ago
- 2 min read

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մարտի 4-ին հրատապ ասուլիս է հրավիրել՝ հայտարարելով, որ 2025-ի հուլիսի 31-ից հետո Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքում նոր ներխուժումներ են իրականացրել և նոր դիրքեր տեղակայել։ Այս մասին գրում է CivilNet-ը:
«Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, և Հայաստանի իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից»,- ասել է Թաթոյանը՝ նշելով, որ իր ներկայացրած տվյալները հիմնված են արբանյակային լուսանկարների վրա։
Նաև պնդել է, որ «ադրբեջանական իշխանությունները, իմանալով ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին սպասվող ԹՐԻՓԻ-ի (TRIPP՝ The Trump Route for International Peace and Prosperity)՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, արագ նախաձեռնել են այդ գործողությունները»։ Թաթոյանի խոսքով՝ դա արվել է այն հաշվարկով, որ «ստորագրումից հետո չեն կարող նման քայլերի դիմել»։ Ըստ Թաթոյանի՝ խոսքը վերաբերում է, մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղղությանը և Վայոց ձորի մարզի Ջերմուկի հատվածին, որտեղ ադրբեջանական ուժերը նոր դիրքեր և ինժեներական կառույցներ են կառուցել։
Նույն օրը՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, հակադարձել է Թաթոյանի պնդումներին՝ նշելով, որ «նա ստում է»։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է Արման Թաթոյանի ներկայացրած ապացույցները։
Վարդենիս․ Սոթքի հանքավայրի մոտ ադրբեջանական դիրքի տեղակայումը
Արման Թաթոյանը որպես «նոր ներխուժման» առաջին օրինակ ներկայացնում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ Սոթքի հանքավայրի հարակից հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերից մեկը (կոորդինատները՝ 40.18816° N, 45.97800° E)։
«Սա նոր դիրքն է։ Ընդ որում, տեսնում ենք ժամանակահատվածը՝ մինչև հուլիսի 31-ը 2025-ը, այս դիրքը գոյություն չի ունեցել ըստ արբանյակային լուսանկարների: Եվ արբանյակային լուսանկարներով այս դիրքի տեղակայումը մենք տեսնում ենք՝ տեղի է ունեցել ընդամենը մինչև օգոստոսի 19-ի դրությամբ»,- պնդել է Թաթոյանը։
«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավարի խոսքով՝ այդ հատվածում ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածք էին ներխուժել 2020-ից հետո, իսկ այժմ խոսքը վերաբերում է նույն հատվածում տեղակայված նոր դիրքի կառուցմանը։
«Սա արդեն նոր դիրքի տեղակայում է՝ ՀՀ տարածքից ներս՝ ներխուժում ՀՀ սահման»,- նշում է Թաթոյանը։

#CivilNetCheck-ը դեռ ամիսներ առաջ հետաքննություն էր հրապարակել հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով ադրբեջանական դիրքերի տեղակայման և Հայաստանի տարածքների օկուպացիայի վերաբերյալ։ Ուսումնասիրության շրջանակում որպես իրավական (դե յուրե) սահման օգտագործել էինք Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի 1:100,000 մասշտաբի 1970–80-ական թվականների տեղագրական քարտեզները, որոնց հիման վրա սահմանագիծը վերարտադրել և տեղադրել էինք Google Earth հարթակում։




















