top of page

Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից

4 hours ago
1 min read


Հայաստանը քննարկում է հարևան երկրներից՝ Իրանից և Ադրբեջանից, բնական գազ ներկրելու հնարավորությունը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ պատասխանելով ABC Media-ի հարցին։



Հարցը վերաբերում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման և դրա հետևանքով գազի գնի կտրուկ բարձրացման ռիսկերին։



Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության համար գլխավոր վտանգներից մեկը մեկ ուղղությունից կախվածությունն է։ Նա ընդգծել է, որ իշխանությունները ձգտում են բազմազանեցնել տնտեսական կապերը, և այդ ուղղությամբ արդեն որոշակի արդյունքներ կան, այդ թվում՝ արտահանումներ դեպի Եվրամիության շուկա։



Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանը կարծում է, որ գազի ներկրման հարցում Հայաստանն իրական այլընտրանքներ գրեթե չունի։ Նրա խոսքով՝ Իրանից գազի ներկրման ծավալներն ավելացնելու համար անհրաժեշտ կլինի նոր գազատար կառուցել, իսկ Ադրբեջանից գազ գնելու դեպքում դրա գինը կարող է կրկնակի բարձր լինել ռուսական գազի գնից։

1/3693
bottom of page