top of page

«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան

  • 1 day ago
  • 1 min read

«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը (հայրը` ճարտարապետ Արմեն Զարյան, պապը` գրող Կոստան Զարյան) խոսել է «Սյունյանց աշխարհի բերդերը» գրքի, Հառիճավանք վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման ու մաքրման աշխատանքների և այլ մշակութային թեմաների շուրջ:

Վերջերս նաև լույս է տեսել Արա Զարյանի «Սյունյանց աշխարհի բերդերը» գիրքը, որտեղ ամփոփված է երիտասարդ տարիներին իրականացված նրա աշխատանքը:


Խոսելով Սյունյաց ամենահռչակավոր բերդերի մասին` ճարտարապետը շեշտել է Բաղաբերդը. «Բաղաբերդը հրաշալի ամրոց է և, բարեբախտաբար, լավ է պահպանվել։ Իսկ ինչո՞ւ է լավ պահպանվել, որովհետև ունեցել ենք Կապանի թագավորություն։ 970-1120թթ. եղել է թագավորություն Սյունիքում։ Կատակ բան չէ։ Դա եղել է մի տարածք, որն ամրակայվել է։ Բաղաբերդը կազմել է հիմնական այն ռազմական պաշտպանական օղակը, որի միջոցով պաշտպանվել է Սյունիքը։ Դա եղել է պահապան ամրոցը։ Ու, երբ մոնղոլները գալիս և ավերում են Կապանը, թագավորությունն իր ամբողջ ունեցվածքը տեղափոխում է Բաղաբերդ։

Այսինքն, ընտրում են ամրոց, որն արդեն պաշտպանական համակարգի մաս էր կազմում։ Հիմա պեղումներ են, ու սպասում եմ, որ բաներ պետք է գտնեն։ Օրինակ՝ Ստեփանոս Օրբելյանն ասում է՝ Կապանը, երբ ընկավ, 11,000 ձեռագիր այնտեղից տեղափոխվեց Բաղաբերդ ամրոց։ Այն գրավեցին, այրեցին, բայց արդյո՞ք չեն պահել, թաքցրել ինչ-որ մի մասը։ Ժայռի վրա է, ու ռազմական իմաստով տեղը շատ հետաքրքիր է ընտրված»:

1/3507
bottom of page