top of page

Թուրքիայում պատժամիջոցներ է սահմանվել 100 մանկաբարձների նկատմամբ՝ կեսարյան հատումների բարձր մասնաբաժնի պատճառով

  • 16 hours ago
  • 1 min read


Թուրքիայի առողջապահության նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 100 մանկաբարձ-գինեկոլոգների նկատմամբ՝ նրանց իրականացրած կեսարյան հատման վիրահատությունների չափազանց բարձր տոկոսի պատճառով: Որոշ մասնագետներ ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից, իսկ մյուսներին պարտավորեցրել են անցնել լրացուցիչ ուսուցում, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:

Թուրքիան առաջատարն է կեսարյան հատումների մասնաբաժնով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) բոլոր 38 երկրների շարքում: 2023 թվականի տվյալներով՝ 1000 երեխայից 615-ը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման օգնությամբ:

Ըստ բժիշկների՝ վիրահատական միջամտությանը հաճախ նախապատվություն է տրվում դրա տևողության պատճառով. վիրահատությունը տևում է մոտ 30 րոպե, մինչդեռ բնական ծննդաբերությունը կարող է տևել մինչև 12 ժամ։ Բացի դրանից, բժիշկների կարծիքով՝ կեսարյան հատումը բարդությունների առաջացման դեպքում նվազեցնում է դատական հայցերի ռիսկը:

2025 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն արգելեց մասնավոր կլինիկաներում առանց բժշկական ցուցումների կեսարյան հատումների իրականացումը։ Այդ որոշումն ընդունվել է «Ընտանիքի տասնամյակ» նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է ծնելիության անկման դեմ պայքարին։ Անթալիայի բժշկական պալատի տվյալներով՝ բազմաթիվ մանկաբարձ-գինեկոլոգներ արդեն նախազգուշացումներ են ստացել, նրանց նկատմամբ սկսվել են կարգապահական վարույթներ, իսկ ոմանք ժամանակավորապես զրկվել են պրակտիկայով զբաղվելու իրավունքից:

Աշխատանքից հեռացվածների թվում է հայտնվել Սաքարիայի մասնավոր հիվանդանոցներից մեկի բժիշկը, որն աշխատանքից ազատվել է Առողջապահության նախարարության պահանջով՝ կեսարյան հատումների բարձր տոկոսի պատճառով։ Նա չի կարողանա բժշկական գործունեությամբ զբաղվել վեց ամիս։ Այդ ընթացքում նա պարտավոր է ուսուցում անցնել պետական հիվանդանոցում և քննություն հանձնել՝ աշխատանքի իրավունքը վերականգնելու համար։

Թուրքիայի բժշկական ասոցիացիան հանդես է եկել ձեռնարկված միջոցառումների քննադատությամբ։ Դոկտոր Այշե Գյուլթեքինգիլը BirGun պարբերականին հայտարարել է, որ բժիշկներին պատժելը չի լուծի խնդիրը, քանի որ կեսարյան հատումների բարձր մասնաբաժինը երկրի առողջապահական համակարգում առկա ավելի խոր, կառուցվածքային խնդիրների հետևանք է:

1/3508
bottom of page