top of page

ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet

  • 22 hours ago
  • 1 min read


ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների (mandate holders) միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Մանդատակիրները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի (Special Procedures) շրջանակում գործող անկախ փորձագետներ և աշխատանքային խմբեր են, որոնց Խորհուրդը հանձնարարում է հետևել կոնկրետ թեմաների կամ երկրների իրավիճակի։  

Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ, մինչդեռ Երևանը պնդում է, որ բոլոր գործողությունները կատարվել են օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում։

Հրապարակված փաթեթը բաղկացած է երկու փաստաթղթից։ Առաջինը՝ 2026 թվականի մայիսի 11-ին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի վեց մանդատակիրների կողմից Հայաստանի կառավարությանը ուղարկված հաղորդագրությունն է, իսկ երկրորդը՝ 2026 թվականի հուլիսի 9-ին Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ին ուղարկված 31-էջանոց Non-Paper-ն է, որով Հայաստանը պատասխանում է բարձրացված բոլոր հարցերին։ 

ՄԱԿ-ի հիմնական մտահոգությունները

ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները կարող էին անհամաչափ ուժ կիրառել 2024 թվականի հունիսի 12-ի բողոքի ակցիայի ընթացքում, ներառյալ ցուցարարների և լրագրողների նկատմամբ, իսկ մեկ տարի անց նույն շարժման ներկայացուցիչների նկատմամբ կիրառված ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման մեղադրանքները կարող էին հանգեցնել հակաահաբեկչական օրենսդրության ոչ պատշաճ օգտագործման։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ քրեական գործի հիմքում ներկայացված ապացույցների զգալի մասը վերաբերում է քաղաքական ընդդիմությանը, քաղաքացիական անհնազանդությանը և բողոքի գործողություններին, մինչդեռ հրապարակված նյութերում չեն երևում բռնության կամ իրական ահաբեկչական գործողությունների հստակ ցուցիչներ։ Նույն փաստաթուղթը հիշատակում է նաև պնդումները, թե իրավապահները հրապարակել են հեռախոսային գաղտնալսումների միայն ընտրովի հատվածներ, իսկ պաշտպաններին չի թույլատրվել հրապարակել իրենց կարծիքով արդարացնող նյութերը։

1/3508
bottom of page