top of page

«Ինձ վախեցրել են, տեքստը թելադրել են». Փարաքարի ղեկավարի սպանության գործով մեղադրյալի նոր հայտարարությունը

1 hour ago
2 min read

Զենքի տեղը ցույց են տվել, հետ են բերել Վաղարշապատի ոստիկանություն, թելադրել են, ես էլ գրել եմ տեքստը, որ ես եմ արել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, դատարանում հայտարարեց Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը։


«Ինձ վախեցրել են, խոշտանգել են, տեքստը թելադրել են, ասել են՝ ինչը ոնց ասեմ, անգիր եմ արել ու ասել եմ։ Էդ մարդը թելադրել ա, ես էլ գրել եմ»,–ասաց նա։


Հարցին՝ դուք ընդհանրապես, ինքնաձիգ տեսե՞լ եք, կրակե՞լ եք, մեղադրյալը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ մի անգամ։ Ես վիդեոներ եմ տեսել, որ մարդիկ ներկայանում են որպես փորձագետներ ու ասում են, որ կրակողը պրոֆեսիոնալ է, կրակել գիտի, ինչը ինձնից շատ հեռու է, որովհետե ես կյանքում զենքից կրակած չկամ»։


Գևորգ Հարությունյանը նաև նշեց, որ նայելով տեսագրությունները, երևում է՝ պատրաստված մարդ է. «Պատրաստված մարդը մեկ օրում նման բան չի անի, դրա համար խոսել ենք՝ իբր թե ես տևական ժամանակ դրան պատրաստվել եմ։ Այնպիսի սիտուացիա չէր, որ կռվի ժամանակ միամիտ հանեն, կրակեն, մարդը մահանա, կոնկրետ մարդը եկել էր այդ գործողությունն անելու։ Ես պատկերացնում եմ, որ մարդ պետք է պատրաստվի, այդ ուղղությամբ աշխատի»։


Նշենք, որ նախրդ դատական նիստում նույն Գևորգ Հարությունյանը հայտարարել է, որ շանտաժի ու սպառնալիքի ներքո է իր վրա վերցրել սպանությունը։ Նա հայտարարել էր, որ հանցագործության մեղքն իր վրա է վերցրել փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի սպառնալիքներից հետո։ Հարությունյանի խոսքով՝ փոխոստիկանապետն իրեն ասել է, որ եթե ցանկանում է իր ընտանիքն ապահով լինի, պետք է հայտարարի, որ սպանությունն ինքն է կատարել։


Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ամիսներ առաջ՝ 2025 թվականի փետրվարին, Մերձավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել էր Նարեկ Օհանյանի եղբայրը՝ Գրիգոր Օհանյանը: Այդ սպանության գործով որպես մեղադրյալ կալանավորվել էր հենց Վալոդյա Գրիգորյանի եղբայրը:


Նա նշեց, որ ինքը որևէ առնչություն Վալոդյա Գրիգորյանի հետ չի ունեցել, իր եղբոր սպանությունից հետո վրեժի զգացում ունեցել է, սակայն փորձաքննությունների արդյունքներից հետո տեսել է, որ այդ սպանության հետ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը կապ չունի, ու իր մոտ վերացել է այդ զգացումը։ «Նա ընդհանրապես, կապ չի ունեցել»,–ասաց նա։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։


Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

1/3767
bottom of page