Թուրքիայում COP31 կլիմայական գագաթնաժողովը հայտնվել է տապալման վտանգի տակ՝ հանածո վառելիքի շուրջ վեճի պատճառով

Եվրամիությունը մերժել է Թուրքիայում ընթացող ՄԱԿ-ի COP31 կլիմայական համաժողովի ամփոփիչ հռչակագրի վերջին նախագիծը, քանի որ փաստաթղթում ուղղակիորեն չի հիշատակվում հանածո վառելիքը, հայտնում է dpa-ն։
Սա ուժեղացրել է մտավախությունները, որ գագաթնաժողովի մասնակիցները չեն կարողանա համաձայնեցնել գլոբալ տաքացման դեմ պայքարի ընդհանուր ծրագիր։
«Անընդունելի է, որ կլիմայական գործողությունների մասին փաստաթղթում ոչ մի խոսք չկա հանածո վառելիքի և դրա օգտագործումից հրաժարվելու մասին», — հայտարարել է Իռլանդիայի կլիմայի հարցերով նախարար Դարա Օ’Բրայենը, որի երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ խորհրդում։ Ըստ նրա, հենց այդ պատճառով Եվրամիությունը վճռականորեն դեմ է առաջարկված տեքստին։
Շուրջ 200 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները մեկնարկել են Անթալիայում մոտ երկու շաբաթ առաջ։ Հիմնական տարաձայնությունների թվում են էլեկտրիֆիկացումն արագացնելու նպատակը և զարգացող պետություններին խոստացված ֆինանսական օգնության բաշխումը։
Դժգոհությունն ուժեղացել է հինգշաբթի հռչակագրի նախագծի հրապարակումից հետո. դրանում չէին հիշատակվում հանածո վառելիքի տեսակները՝ նավթը, գազն ու ածուխը, որոնց այրումը կլիմայի փոփոխության հիմնական պատճառներից մեկն է։ Փաստաթղթի հետագա տարբերակներում այդ հիշատակումը նույնպես բացակայում էր։ Փոխարենը վերջին նախագիծը հղում է պարունակում 2023 թվականին Դուբայի կլիմայական գագաթնաժողովում ընդունված համաձայնագրին, որով երկրները պարտավորվել էին աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից։
Ավելի կոնկրետ պարտավորությունների ներառմանը դեմ են, մասնավորապես, նավթ արդյունահանող պետությունները, օրինակ՝ Սաուդյան Արաբիան։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն և նրան դաշնակից մի շարք երկրներ, այդ թվում՝ փոքր կղզի պետությունները, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները, ինչպես նաև առավել թույլ զարգացած երկրները, պահանջել են ավելի հավակնոտ կլիմայական միջոցառումներ նախատեսել։ Այս խումբը միավորում է ավելի քան 130 պետություն՝ համաժողովի մասնակիցների ակնհայտ մեծամասնությունը։
Գագաթնաժողովը, որը պետք է ավարտվեր ուրբաթ, շարունակվել է նաև կիրակի և արդեն դարձել պատմության մեջ ամենաերկարատև կլիմայական գագաթնաժողովը։ Փոխզիջման հասնելու համար գնալով ավելի քիչ ժամանակ է մնում, իսկ հռչակագրի նախագծին աջակցելուց ԵՄ-ի հրաժարումը կասկածի տակ է դնում ընդհանուր ամփոփիչ փաստաթղթի ընդունման հնարավորությունը։




















