Քաղաքացիները կարիք չունեն փոխելու իրենց գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը․ Արփինե Սարգսյան

Նույնականացման քարտը պարտադիր է, իսկ անձնագիր անհրաժեշտ է միայն արտերկիր մեկնելու դեպքում․ Արփինե Սարգսյան
Նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները։ Այս մասին ԱԺ ում կառավարության նիստի հարց ու պատասխանի ընթացքում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով գործընթացի կազմակերպման մանրամասները։
Նախարարի խոսքով՝ համակարգի ներդրման սահուն ընթացքն ապահովելու նպատակով սահմանվել են մի շարք ընթացակարգեր։
Նա ընդգծել է, որ քաղաքացիները պարտավոր չեն փոխել իրենց գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը, եթե դրանց վավերականության ժամկետը դեռ չի լրացել։ Օրինակ՝ եթե փաստաթուղթը վավեր է մինչև 2029 թվականը, այն փոխելու անհրաժեշտություն չկա։
Անդրադառնալով քաղաքացիների սպասարկմանը՝ Սարգսյանը նշել է, որ ներկայում գործում է 14 սպասարկման գրասենյակ, իսկ մարտին դրանց թիվը կհասնի 23-ի։ Նրա խոսքով՝ աշխատանքները կազմակերպվել են այնպես, որ խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիների համար հերթերի կուտակումներ կամ անհասկանալի իրավիճակներ չառաջանան։
Նախարարը նաև շեշտել է, որ քաղաքացիների իրազեկման ուղղությամբ դեռ աշխատանքներ պետք է իրականացվեն։
«Կարևոր հանգամանք է՝ նույնականացման քարտն պարտադիր է այլևս 16 տարին լրացած անձանց համար։ Քաղաքացին նախ պետք է ձեռք բերի նույնականացման քարտ, ապա՝ անձնագիր։ Սակայն, եթե քաղաքացին չի պատրաստվում մեկնել արտերկիր, ապա անձնագիր ձեռք բերելու անհրաժեշտություն չկա»,- նշել է Արփինե Սարգսյանը




















