Նիկոլ Փաշինյանի կցորդ կառույց ՍԴ-ից ակնկալիքներ ունենալը միամտություն է. Մեսրոպ Առաքելյան
- 3 hours ago
- 1 min read

Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր մի շարք գործիչների նկատմամբ սկսվեցին դատական գործընթացներ՝ ձերբակալություններ, կալանավորումներ։ Այսօր քաղբանտարկյալների շարքին ավելացավ ևս մեկը․ Ավետիք Չալաբյանը կալանավորվեց երկու ամսով։
Aysor.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը դատապարտել է իշխանության գործելակերպը՝ նշելով.
«Առնվազն կալանավորման մասով, որևէ հիմնավորում չկա։ Նույնիսկ եթե կան որոշ քրեական գործեր, որոնք պետք է քննվեն, դրանց բովանդակությունը որևէ հիմք չի տալիս մարդկանց կալանավորելու համար։ Այդ գործերը կարող են քննվել նաև առանց կալանավորման։
Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանության նպատակը ոչ թե իրավապահ մարմինների միջոցով արդարություն հաստատելն է կամ խնդիրներ լուծելը, այլ ընդդիմադիր գործիչների և քաղաքական թիմերի նկատմամբ ճնշում գործադրելը, ինչպես նաև նրանց մեկուսացնելը քաղաքական բազմաթիվ գործընթացներից։ Մեր թիմակիցները ևս բախվել են նման խնդիրների, հատկապես՝ նախընտրական շրջանում։
Հատուկ չենք առանձնացնում՝ մեր կուսակցությունից են, թե այլ կուսակցությունից։ Իշխանության վարքագիծը, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի դեմ է ուղղված, անընդունելի է, և ակնհայտ է, որ իրավապահ մարմինները վաղուց կորցրել են իրենց գլխավոր գործառույթը և դարձել են բացառապես իշխանությունների քաղաքական գործիքը»։
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների վիճարկման միջնորդություններով Սահմանադրական Դատարանից ակնկալիքներին, Առաքելյանն ասում է.
«Չեմ կարծում, որ պետք է միամիտ լինենք և Նիկոլ Փաշինյանի հերթական կցորդ կառույցից այլ ակնկալիքներ ունենանք, քան կարելի է ունենալ Նիկոլ Փաշինյանից։ Իհարկե, ՍԴ-ն ամրագրելու է Նիկոլ Փաշինյանի կամքը։
Հետևաբար, որևէ էական ակնկալիք, որը կարող է փոխել քաղաքական գործընթացները, չունեմ»։




















