top of page

Հայտնաբերվել է ուղեղային մեխանիզմը, որը կառավարում է ցավի անցումը քրոնիկական ձեւի

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 2 min read

Գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղի նեյրոնային որոշակի շղթան կարեւոր դեր է խաղում կարճատեւ ցավը քրոնիկական դարձնելու հարցում: Եթե այդ շղթան արգելակվում է, քրոնիկական ցավը կամ ընդհանրապես չի զարգանում, կամ կարող է անհետանալ նույնիսկ այն բանից հետո, երբ արդեն առաջացել է։

Այս եզրակացությանն են հանգել Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի մի խումբ հետազոտողներ, որոնց աշխատանքը հրապարակվել է Journal of Neuroscience ամսագրում։

Ուշադրության կենտրոնում է հայտնվել ուղեղի այն հատվածը, որը կապված է մարմնական զգացողությունների եւ հույզերի մշակման հետ՝ կաուդալ գրանուլային ինսուլյար կեղեւը: Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այս հատվածը գործում է որպես ինքնատիպ «անջատիչ», որը որոշում է՝ արդյոք ցավի ազդանշանը դառնում է ժամանակավոր, թե ամրանում է երկար ժամանակով: Երբ այս ուղեղային շղթան ակտիվ է, այն ազդանշաններ է ուղարկում ողնուղեղին՝ պահպանելով ցավի արձագանքը նույնիսկ վնասված հյուսվածքի ապաքինումից հետո:

Հետազոտողներն օգտագործել են թիրախային նեյրոնային ճնշման տեխնիկաներ եւ պարզել, որ երբ այդ ուղին անջատվել է փորձարկվող կենդանիների մոտ, քրոնիկական ցավը կամ ընդհանրապես չի առաջացել, կամ արագ անհետացել է, նույնիսկ եթե այն արդեն իսկ շարունակական է դարձել։ Սա ենթադրում է, որ քրոնիկական ցավը հաճախ պահպանվում է ոչ թե շարունակական մարմնական վնասվածքի, այլ ուղեղի որոշակի շղթաների ակտիվ գործունեության պատճառով։

Հեղինակներն ընդգծել են, որ ստացված տվյալները նոր հեռանկար են բացում քրոնիկական ցավի բնույթի վերաբերյալ։ Թվում է, թե այն պարզապես վնասվածքի կամ բորբոքման հետեւանք չէ, այլ ուղեղի կողմից ցավը «սովորելու» եւ դրա ազդանշանը շարունակաբար վերարտադրելու արդյունք։ Սա հատկապես կարեւոր է, քանի որ առկա բուժումները հաճախ անարդյունավետ են կամ կապված են լուրջ կողմնակի ազդեցությունների, այդ թվում՝ կախվածության ռիսկի հետ։

Չնայած հետազոտությունը կատարվել է միայն կենդանիների վրա, գիտնականները կարծում են, որ այդ արդյունքները կարող են հանգեցնել նոր, ավելի ճշգրիտ թերապիաների մշակմանը։ Խոսքն այն մոտեցումների մասին է, որոնք ուղղված են ողջ նյարդային համակարգին, այլ ոչ թե կոնկրետ նեյրոնային շղթաներին, որոնք պատասխանատու են ցավի պահպանման համար, ինչը կարող է քրոնիկական ցավի բուժումը դարձնել ավելի անվտանգ եւ արդյունավետ։

1/3144
bottom of page