Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․
«Այս օրերին Հայաստանը տեսնում է երկու տարբեր առաջնորդի կերպար։ Երկու տարբեր քաղաքական փիլիսոփայություն։ Երկու տարբեր պատասխան՝ նույն ճգնաժամային իրականությանը։
Մեկը՝ երբ երկիրը կանգնած է անվտանգության, պետականության և արժանապատվության լրջագույն փորձությունների առաջ, ընտրում է նախընտրական տաշի-տուշին, բեմը, շոուն ու ինքնաներկայացման աղմուկը։ Պետությունը նրա համար վեր է ածվել քարոզչական հարթակի, իսկ երկրի կառավարումը՝ բեմական ներկայացման։
Սա է այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիմագիծը։ Իշխանությունը՝ որպես սցենար, հանրային կյանքը՝ որպես դեկոր, պատասխանատվությունը՝ որպես անհարմար բեռ։
Մյուսը՝ նույն պահին, նույն իրականության պայմաններում, խոսում է ոչ թե ներքին լսարանին հաճոյանալու լեզվով, այլ միջազգային պատասխանատու հարթակների հետ՝ պետության շահը պաշտպանելու դիրքերից։
Նա դիմում է համաշխարհային գործընկերներին, բարձրացնում է անվտանգության, երկրի և մարդու իրավունքների, տարածաշրջանային կայունության հարցերը, ներկայացնում է Հայաստանը ոչ թե որպես քաղաքական շոուի վայր, այլ որպես պետություն, որը արժանի է լուրջ վերաբերմունքի ու գործընկերային վստահության։
Սա է Արման Թաթոյանի առաջնորդական կերպարը։ Առանց ավելորդ աղմուկի, առանց բեմական ժեստերի, բայց պետական մտածողությամբ ու պատասխանատվության գիտակցումով։
Երկու մոտեցում։ Երկու աշխարհընկալում։ Երկու ապագա՝ Հայաստանի համար։
Մեկը՝ պահի քաղաքականություն և էմոցիայի վրա կառուցված կառավարում, մյուսը՝ սթափ հաշվարկ, արժեհամակարգ և պետական շարունակականության տեսլական։
Մեկը առաջնորդվում է ամբոխի ռիթմով։ Մյուսը՝ պետության շահի տրամաբանությամբ։
Եվ առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է հենց սա։
Ոչ անձերի միջև։
Այլ՝ շոուի և պատասխանատվության, աղմուկի և պետականության, պահի և ապագայի միջև»։




















