Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս
- Lilit

- Apr 16, 2024
- 2 min read

«Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանսը մեկ հարկի ներքո էր համախմբել Հայաստանի պետական, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես նաև միջազգային զարգացման գործակալությունների խոշոր դերակատարներին՝ քննարկելու հասարական, սոցիալական տնտեսական ու քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությունը, դրան խոչընդոտող հանգամանքները, այն կարևոր փոփոխությունները, որոնք կանայք բերել են կառավարման և բիզնես միջավայր։ Կոնֆերանսը կազմակերպել էր Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ՀԿ-ն՝ ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո՝ համագործակցելով Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի խոսքով՝ Հայաստանում կանայք բավականին մրցունակ են հասարակական, սոցիալական ու բիզնես ոլորներում։
«Մենք մեծապես գնահատում ենք կանանց ներգրավվածությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես հասարակակական, տնտեսական ու բիզնես ոլորտներում, ու դա կարևոր է ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում։ Ես տպավորված եմ նրանից, թե որքան կիրթ, մրցունակ ու տաղանդավոր են կանայք Հայաստանում, ու այդ որակները կիրառելը կարևոր է երկրի տնտեսության համար։ «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» փորձում է հասկանալ, թե Հայաստանում ինչ փորձ կա, որովհետև մենք փորձում ենք նաև սովորել իրարից, քանի որ ԱՄՆ-ում ևս առերեսվում ենք կանանց ներգրավվածության վերաբերյալ մարտահրավերներին։ Հայաստանը այս հարցում մեծ հաջողություններ է գրանցել»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց դեսպանը։
Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։ Կոնֆերանսի մասնակիցները կարևորեցին այս հարցում կառավարության նախաձեռնությունները և մասնավոր կազմակերպությունների բովանդակային ներգրավվածությունը։ Ֆիլիպ Մորրիս Արմենիայում, օրինակ, աշխատակցիների 50 տոկոսից ավելին կանայք են։
«Ֆիլիպ Մորրիս Արմենիան շատ կարևորում է կանանց ներգրավվածությունը, առաջխաղացումը, իրենց կարողությունների բացահայտումը՝ տարբեր ոլորտներում։ Ընկերության ներսում ունենք հատուկ ծրագրեր, որտեղ հավասար պայմաններ ենք ստեղծում կանանց համար և խրախուսում ենք, որ իրենք երբեք կանգ չառնեն ու միշտ գնան առաջ։ Ֆիլիպ Մորրիս ընկերության հայաստանյան գրասենյակը անցյալ տարի անցել է աուդիտ և այժմ մենք ստացել են Հավասար Վարձատրության Հավաստագիր։ Մեր ընկերությունը եզակիներից է Հայաստանում, որտեղ կանայք և տղամարդիկ աշխատում են հավասար վարձատրության պայմաններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիլիպ Մորրիս Արմենիայի արտաքին կապերի, գիտական ներգրավվածության և իննովացիաների գծով կառավարիչ Վիկտորյա Պողոսյանը։
Համաձայն 2022 թ-ի Գենդերային խզման գլբալ զեկույցի՝ գենդերային հավասարությունը շարունակում է լինել խնդրահարույց ամբողջ աշխարհում։ Փորձը ցույց է տալիս, որ կանանց ցածր ներգրավվածությունը հասարակական, սոցիալական, տնտեսական ոլորտներում որոշակի ազդեցություն է ունենում նաև տնտեսության զարգացման վրա։ Հայաստանում այդ խնդիրը ցայտուն է հատկապես սահմանամերձ ու գյուղական բնակավայրում։
«Այս կոնֆերանսը շատ կարևոր է տարբեր մասնագիտական ոլորտներում կանանց բազմակողմանի ներդրումը ճանաչելու և գնահատելու հարցում: «Empower her» կարգախոսը մեկնարկել է 2022 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենի հովանու ներքո Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ։ Այն նպատակ ունի ընդգծել կանանց ներդրումը կառավարման մեջ, խթանել հզորացման վերաբերյալ քննարկումները և անդրադառնալ այն մարտահրավերներին ու հնարավորություններին, որոնց բախվում են կանայք Հայաստանում և ամբողջ աշխարհում: Կանանց տնտեսական մասնակցությունն ու առաջնորդությունը բիզնեսում էական նշանակություն ունի բիզնեսի կատարողականը խթանելու, ինչպես նաև կորպորատիվ կայունությունը զարգացնելու և գլոբալ ՀՆԱ-ի աճն ապահովելու համար:»,- ասում է «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ տնօրենների խորհրդի նախագահ, Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության հասարակական կապերի եւ կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը:
Աշխատաշուկայում կանանց առաջխաղացման հիմնախնդիրները և պետական ռազմավարական մոտեցումները տնտեսական հզորացման համար, կանայք կառավարման համակարգում ու բիզնեսում, ռազմավարական ի՞նչ դրույթներ է որդեգրել Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում և ինչպե՞ս հաղթահարել մարտահրավերները՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար․ այս թեմաները կոնֆերանի քննարկման առանցքում էին։ «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագիրը կրող կոնֆերանսը ուղենշեց այն ճանապարհները, որոնց միջոցով հնարավոր է հասնել լիարժեք իրավահավասարության և կանանց ներգրավվածության։




















