top of page

Apple-ի շուկայական արժեքը նվազել է ավելի քան 100 միլիարդ դոլարով՝ դատական հայցերի պատճառով

Mar 22, 2024
1 min read

Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան 24 ժամվա ընթացքում նվազել է 113 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ երեկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և 18 նահանգ ընկերության դեմ հակամենաշնորհային հայց են ներկայացրել: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:Apple-ի գնանշումները նվազել են 4,1%-ով, ինչը, ի վերջո, 113 միլիարդ դոլարով նվազեցրել է կորպորացիայի շուկայական արժեքը։Դեռևս դեկտեմբերին Apple-ի շուկայական կապիտալիզացիան կազմում էր 3 տրիլիոն դոլար, սակայն տարեսկզբից գնանշումները սկսել են նվազել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հակամենաշնորհային մարմինների կողմից աճող պահանջների պատճառով: 2024 թվականին Apple-ի արժեթղթերն ընդհանուր առմամբ էժանացել են 11%-ով՝ ընկերության կապիտալիզացիան իջեցնելով 2,6 տրիլիոն դոլարի։ Երեկվա հայցը վերջին 14 տարվա ընթացքում ԱՄՆ արդարադատության նախարարության երրորդ հակամենաշնորհային հայցն էր ընկերության դեմ։ Վերջին անգամ այս գերատեսչությունը Apple-ին դատի է տվել 2012 թվականին։ Հավելենք, որ Microsoft, X, Spotify, Meta և Match Group (տնօրինում է Tinder ծանոթությունների ծառայությունը) ընկերությունները ևս դատական հայցեր են ներկայացրել Apple-ի դեմ՝ հավելվածների խանութների քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով, գրում է The Wall Street Journal-ը։Տեխնոլոգիական ընկերությունները վիճարկում են Apple-ի մտադրությունը՝ App Store-ից դուրս կատարված վճարումների համար գանձելու շուրջ 30% վճար:

Հունվարին Apple-ը հայտարարել էր, որ մտադիր է ծրագրավորողներին թույլ տալ օգտատերերին հնարավորություն ընձեռել գնումներ կատարել App Store-ից դուրս: Ընդ որում, ընկերությունը մտադիր է 27% միջնորդավճար գանձել կողմնակի գործարքների համար։

Որոշումն առաջացրել է հավելված մշակողների դժգոհությունը։

1/3638
bottom of page