ՀՀ-ում ՃՏՊ-ներին տարեկան զոհ է դառնում 300 և ավելի մարդ, վիրավորվում` 4000-ից ավելին
Մեր հանրապետությունում վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարներին տարեկան զոհ է դառնում 300 և ավելի մարդ, վիրավորվում 4000-ից ավելի: Այս թվերի հիմնական մասը երիտասարդներ են, նաև` երեխաներ:
Բերենք ամենաթարմ համեմատականը: 2024 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 1946 պատահար, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 2090, դրանց հետևանքով այս տարի զոհվել է 147 մարդ, անցած տարի` 142, այս տարի վիրավորվել է 2760 մարդ, անցած տարի` 2918:
Իհարկե, տարեցտարի ավելացող մեքենաների պայմաններում այս գրեթե անփոփոխ վիճակագրությունը կարելի է նաև դրական ցուցանիշ համարել, բայց շատ մեծ վերապահությամբ: Այս առումով թվերն ավելի քան խոսուն են. այսօր հանրապետությունում կա հաշվառված 901 967 տրանսպորտային միջոց, որի գրեթե կեսը ներմուծվել է 2019 թվականից ի վեր: Այս ոչ լրիվ հինգ տարվա ընթացքում ներմուծվել է 413 911 մեքենա:
Պատահարների պատճառները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինում ներառենք ճանապարհների վատ լուսավորությունը, ճանապարհների թերի վիճակը և թերի կահավորվածությունը: Երկրորդ խմբի պատճառները կարող ենք ամփոփել երկու բառով` մարդկային գործոնը: