top of page

Թբիլիսիում սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը

Թբիլիսիում սպանվել է հանրահայտ տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն: Սպանության փաստը հաստատում են Վրաստանի ՆԳՆ-ից։

Ըստ NewsGeorgia-ի՝ 37-ամյա Աբրամիձեին մահացած են գտել իր բնակարանում՝ դանակի վերքերով։

Կնոջ ընկերները նշում են, որ Կեսարիան երկար ժամանակ նվաստացուցիչ հարաբերությունների (abusive relationships) մեջ է եղել։ Ապրիլին մոդելն ինքն է խոստովանել, որ բազմիցս դարձել է նախկին զուգընկերոջ բռնության զոհը։ Նրա խոսքով՝ եղել է դեպք, երբ հերթական ծեծից հետո իրեն հաջողվել է ողջ մնալ միայն հարևանի օգնության շնորհիվ։

Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա մի տղամարդու՝ տրանսգենդեր մոդելի դիտավորյալ սպանության մեղադրանքով։

Հետաքննությունը պարզել է, որ սեպտեմբերի 18-ին մեղադրյալը «խանդի հողի վրա» հարձակվել է Աբրամիձեի վրա և կնոջ բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել նրան։ Կեսարիայի ընկերներն ասացին, որ նա ստացել է հիսունից ավելի դանակի հարվածներ։

Տղամարդը փախել է հանցագործության վայրից, սակայն շուտով ձերբակալվել է։ Ոստիկանները որպես իրեղեն ապացույց առգրավել են սպանության զենքը՝ դանակը։

Կեսարիա Աբրամիձեն Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր կինն էր։ Նրան պարբերաբար հրավիրում էին տարբեր թոք-շոուների, նա նկարահանվում էր սերիալներում, հաճախ սկանդալային հարցազրույցներ էր տալիս։

2018 թվականին Կեսարիա Աբրամիձեն Վրաստանը ներկայացրել է տրանսգենդերների շրջանում անցկացվող գեղեցկության մրցույթում։

bottom of page