2024թ. սկզբից տուգանքների գումարը դեղերի ոլորտում կատարված խախտումների համար 6 անգամ ավելի է, քան ողջ 2023թ.

2023թ. դեղերի շրջանառության ոլորտում սահմանվել է ավելի քան 500 մլն դրամի տուգանք, իսկ 2024թ. սկզբից մինչ այժմ՝ արդեն 3 մլրդ դրամ։ Այս մասին լրագրողների հետ օգոստոսի 28-ի հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
Նա նշել է, որ խախտումները հիմնականում վերաբերում են չգրանցված դեղերի անօրինական ներմուծմանը եւ իրացմանը (2024թ. ընթացքում գրվել է 2,9 մլրդ դրամի տուգանք)։
Նրա խոսքով՝ տուգանքի չափը նման մեկ խախտման համար կազմում է 1 մլն դրամից մինչեւ 2 մլն դրամ։
Սարգսյանն ավելացրել է, որ խախտումները հիմնականում վերաբերում են նաեւ դեղերի պիտանիության ժամկետներին (2024թ. ընթացքում 3,6 մլն դրամի տուգանքներ են գրվել), ինչպես նաեւ առանց դեղատոմսի դեղերի վաճառքին (2024թ. ընթացքում գրվել է 11 մլն դրամի տուգանք)։
«Տուգանքի նվազագույն չափը մեկ խախտման համար պիտանիության ժամկետի մասով կազմում է 100 հազար դրամ, իսկ առանց դեղատոմսի դեղերի վաճառքի համար՝ 5 հազար դրամ»,- նշել է տեսչության ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ որոշ դեղերի համար գոյություն ունի էլեկտրոնային դեղատոմսի պարտադիր պայման։
Սարգսյանը նշել է, որ դա թույլ է տալիս անժամկետ պահպանել դեղատոմսերը եւ ստուգումն իրականացնել ցանկացած ժամանակ, ի տարբերություն թղթի դեղատոմսերի, որոնց պահման ժամկետը առավելագույնը 6 ամիս է։
Պաշտոյան տեղեկացրել է, որ գերատեսչությունը ստուգումներ է իրականացնում կամ տարեկան մեկ անգամ, կամ մեկ անգամ 3 տարում, կամ մեկ անգամ 5 տարում՝ կախված տնտեսվարող սուբյեկտների առկայությունից ռիսկերի այս կամ այն խմբում. որքան ավելի բարձր է ռիսկի խումբը, այնքան ավելի հաճախ է իրականացվում ստուգումը։
«Սակայն ազդանշանների կամ դիմումների հիման վրա ստուգման նախաձեռնման մասով սահմանափակումներ չկան»,- ամփոփել է նա։




















