Անտառներում և խոտածածկ տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման վտանգը

Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`
* վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,
* բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,
* նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
* ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,
* կատարել չոր խոտի, խոզանի այրում,
* թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:
«Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության տեքստում:




















