top of page

Սերժ Ռուշանյանը ստանձնել է կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների քրեական գործի վարույթը. նշանակվել է դատալսումներ

5 days ago
2 min read


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործի վարույթը՝ նախնական դատալսումները նշանակելով 2026 թվականի սեպտեմբերի 18-ին։


Նիստը նախատեսված է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին։


Հարկ է հիշեցնել, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Հակոբ Մանուկյանն ու Սերժ Ռուշանյանն արդեն իսկ հրաժարվել էին քննել տվյալ գործը։ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ հայտնելով, որ այս գործով փաստաբան Արա Զոհրաբյանն է իրեն տվել փաստաբանական արտոնագիր։ Իսկ Սերժ Ռուշանյանը որոշում էր կայացրել, որ քննությունը պետք է ընթանա Երևանում։ Դրանից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ որոշել էր գործն ուղարկել Վճռաբեկ դատարան՝ քննության վայրը որոշելու համար։


Ի վերջո, Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն, գործը կրկին փոխանցվել է Ռուշանյանին։


Մեղադրանքի համաձայն՝ 2026թ. հունվարի 15-ին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Հաջորդ օրը դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ արգելելով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանն ու այլ անձանց խոչընդոտել Սարոյանի պաշտոնավարմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցները տնօրինելուն։


Ըստ մեղադրական տվյալների՝ հունվարի 19-ին դատական որոշումն ու կատարողական թերթը փոխանցվել են Մայր Աթոռին։ Գերագույն հոգևոր խորհուրդը, որը նախագահում է Գարեգին Բ-ն, առաջարկել է նրան կարգալույծ անել։ Գարեգին Բ-ն ընդունել է այդ առաջարկը՝ Սարոյանին զրկելով հոգևոր աստիճանից, հետևաբար նաև՝ թեմի առաջնորդի լիազորություններից։


Քննչական մարմնի պնդմամբ՝ նշված գործողություններով դիտավորյալ խոչընդոտվել է դատարանի որոշման կատարմանը։


Գարեգին Բ-ից զատ, նույն արարքի համար մեղադրանք է առաջադրված նաև արքեպիսկոպոս, Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Օհանիսյանին, արքեպիսկոպոս, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն-Վրեժ Նաջարյանին, եպիսկոպոս, Մայր Աթոռի երիտասարդաց վերապատրաստման ծրագրի տնօրեն Վահան Հովհաննէսյանին, եպիսկոպոս, Սյունյաց թեմի առաջնորդ Էդգար Հակոբյանին, եպիսկոպոս, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Նելսոն Բաբայանին, ինչպես նաև եպիսկոպոս, Գուգարաց թեմի առաջնորդ Արթուր Հակոբյանին։

1/3617
bottom of page