top of page

Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի քարոզչական նյութերը՝ համայնքի սոցիալական էջերում. Hetq.am

  • Writer: Lilit
    Lilit
  • 8 hours ago
  • 2 min read

ree

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ցուցակի առաջին համարը զբաղեցնող թեկնածուի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի նախընտրական գովազդային նյութերը տեղադրվում են Խոյ համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Այդ հարթակները լցված են ոչ միայն իշխանական թեկնածուի քարոզչական նյութերով, այլև գովազդում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հրապարակելով, օրինակ, համայնքի Շահումյան գյուղում գրասենյակի բացման տեսանյութը և այլն: Այսինքն՝ ակնհայտորեն օգտագործվում է վարչական ռեսուրս, որը մոտ մեկ ամիս է՝ չեն «նկատում» պատկան մարմինները: Այս մասին գրում է Հետքը:

Այսօր՝ 2025թ. հոկտեմբերի 22-ին, պաշտոնապես մեկնարկել է Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16-ին: Սակայն, մինչ այս էլ քաղաքական ուժերը զբաղվում էին քարոզչությամբ: Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում Խոյ համայնքում ցանկացած միջոցառում անցկացվում է Արգիշտի Մեխակյանի մասնակցությամբ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Արմավիրի մարզպետարանը, Խոյի համայնքապետարանը և այլ գերատեսչություններ ու մարմիններ իրենց պաշտոնական հաղորդագրություններում ևս այդ մասին հիշատակումներ են արել՝ հրապարակելով նաև լուսանկարներ: Տպավորությունն այնպիսին է, որ Ա. Մեխակյանը նաև Խոյ համայնքի ղեկավարն է:

Նշենք, որ Խոյ և Վաղարշապատ համայնքները միացվում են, և նոյեմբերի 16-ի ընտրությունների արդյունքներով ունենալու են մեկ համայնքի ղեկավար: Սակայն, մինչ այդ Խոյ համայնքն ունի իր ղեկավարը, համայնքապետարանն աշխատում է իր աշխատակազմով, և Արգիշտի Մեխակյանը որևէ առնչություն չունի այդ համայնքի կառավարմանը: Նրան պարբերաբար Խոյ համայնքի միջոցառումներին հրավիրելը, համայնք այցելած պաշտոնյաների հետ որպես համայնքի ղեկավար շրջելն ու այդ ամենը լուսաբանելն ու ցուցադրելը ևս քարոզչության ու վարչական ռեսուրսի օգտագործման դրսևորումներ են՝ արդեն պետական մակարդակով: 

Գուցե շփոթմունք առաջանա, որ Ա. Մեխակյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է և հենց այդ նպատակով է հրավիրվում, սակայն հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ նա Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, ոչ թե Խոյի, հետևաբար որևէ լիազորություն չունի Խոյ համայնքի նկատմամբ: Մյուս կողմից իշխող կուսակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ Վաղարշապատի ընտրություններում համայնքապետի իր թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է: Նրան, ազատելով Արմավիրի մարզպետի պաշտոնից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. հուլիսի 15-ին նշանակեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս նշանակմամբ հիմք դրվեց վարչական ռեսուրսի օգտագործման՝ հօգուտ իշխանական թեկնածուի:

Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո փոխարինում էր առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Սակայն, նա 2025թ. հուլիսի 10-ին, հրաժարվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Նման դիմում ներկայացրել է նաև համայնքապետի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը, ինչից հետո համայնքը մնացել է առանց ղեկավար կազմի:

Ավելի վաղ գրել էինք, որ սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մշակված պլանն էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի: Վաղարշապատի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները երկու անգամ նախաձեռնեցին արտահերթ նիստ, որպեսզի համայնքի ղեկավար ընտրեն: Սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ ավագանու անդամները չներկայացան, և նիստերը տապալվեցին:

2025թ. հունիսի 20-ին Կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորել և արտահերթ ընտրություններ նշանակել։

1/2913
bottom of page