Օտարերկրյա ընկերությունները Ռուսաստանից հեռանալու պատճառով կորցրել են ավելի քան 107 միլիարդ դոլար

Արտասահմանյան ընկերությունները ավելի քան 107 մլրդ դոլար են կորցրել ռուսական շուկայից հեռանալու պատճառով։ Գումարը հաշվարկել է Reuters-ը՝ հիմնվելով ընկերությունների հաշվետվությունների վրա։
Կորուստները ներառում են դուրսգրումները և կորցրած շահույթը: Դրանց ծավալն աճել է մեկ երրորդով՝ 2023 թվականի օգոստոսի վերջին ուսումնասիրությունից հետո։ Հայտնի է, որ Shell, HSBC, Polymetal International, Yandex NV ընկերություններին պատկանող ակտիվները վաճառվել են մոտ 10 մլրդ դոլար ընդհանուր գումարով՝ մինչև 90% զեղչով։
Անցյալ շաբաթ Danone-ը հայտարարել է, որ ստացել է Ռուսաստանում ակտիվներ վաճառելու թույլտվություն, ընդ որում գործարքից վնասը կազմել է 1,2 միլիարդ եվրո:
Յեյլի կառավարման դպրոցի տվյալներով՝ 2022 թվականից ի վեր Ռուսաստանը լքել է մոտ 1 հազար ընկերություն։
Վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանում օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց թիվը նվազել է մեկ երրորդով, համաձայն Kontur.Focus նախագծի վերլուծաբանների՝ պաշտոնական տվյալների բազաների վրա հիմնված հաշվարկների: Կտրուկ անկումը բացատրվում է շուկայից արտասահմանյան ընկերությունների հեռանալով։




















