Գերիների նկատմամբ քրգործ հարուցելն ունի քաղաքական նպատակ․ Մելիքյան

Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ գերիների նկատմամբ քրեական հետապնդումները տեղեկատվական և քաղաքական առումով լավ նախապատրաստված են, հետևաբար՝ դրանք չեն կարող ուղղակի իրավական գործընթաց դիտարկվել։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից վերադարձած զինծառայողների նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստին։
«Եվ անկախ այն հանգամանքից, թե իրականում կա՞ հանցակազմ, թե ոչ, այս ամենը քաղաքական բովանդակություն ունի»,- ասաց Մելիքյանը։
«Ինչպես ստացվեց, որ մի քանի ամիս առաջ որպես հերոս ներկայացվող մարդիկ շատ կարճ ժամանակահատվածում քարոզչական ներգործության արդյունքում սկսեցին համարվել դավաճան և դասալիք»,- հավելեց իրավապաշտպանը։
Մելիքյանը գերիների նկատմամբ քրգործ հարուցելու վերաբերյալ առանձնացրեց երեք հիմնական ուղղություն․
«Առաջին՝ պատասխանատվությունը թողնում են զինծառայողների և առհասարակ զինված ուժերի վրա, այն դեպքում, երբ կա հստակ քաղաքական պատասխանատու՝ իշխող քաղաքական խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՊՆ նախարարը նույնպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ է։ Երկրորդ՝ քանի որ գերիների վերադարձի հարցերը հնարավոր չի լինում լուծել, փորձ է արվում նվազեցնել հարցի էմոցիոնալ կողմը և խնդրի նշանակությունը։
Երրորդ՝ ամենավտանգավորը, կարծում եմ սրանով նախապատրաստվում է հետագա որոշակի վատ սցենար ոչ միայն գերիների մասով, այլև հետագա լոկալ ռազմական գործողությունների առումով»։
Մերի Գևորգյան




















