top of page

Ճապոնիան 2022-ին կպատրաստվի աշխարհում առաջին փայտե արբանյակի արձակմանը



Ճապոնացի մասնագետներն այս տարվա սկզբին կսկսեն աշխարհում առաջին փայտե արբանյակի արձակմանը պատրաստվելու տեխնիկական փորձարկումները։ Այդ մասին գրում են ճապոնական պարբերականները։


Ըստ նախնական պլանի՝ փետրվարին Աերոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալության (JAXA) աստղագնաց Տակաո Դոին Միջազգային տիեզերակայանում հետազոտական մոդուլի վրա կամրացնի փայտի նմուշներ՝ դրանց հատկություններն ու ամրությունը բաց տիեզերքի պայմաններում ուսումնասիրելու համար։


Փորձարկման համար ընտրվել են մագնոլիան, յամաձակուրա սակուրայի լեռնային տարատեսակը, ինչպես նաև քարե կաղնին։ Այս փայտատեսակներից պատրաստված վահանակները բաց տիեզերքում կանցկացնեն ինը ամիս, ինչից հետո գիտնականները վերջնական եզրակացություն կանեն այն մասին, թե որ նյութն է ավելի հարմար արբանյակի կառուցման համար։


Սարքը նախատեսվում է կառուցել ոչ մեծ՝ 10 սմ եզրագիծ ունեցող խորանարդի ձևով։ Դրսից նրա վրա կտեղադրեն արևային տարրեր, իսկ մնացած անհրաժեշտ էլեկտրոնային սարքավորումները, ներառյալ անտենան, կտեղադրեն ներսում։ Արբանյակի ստեղծմամբ զբաղվում են Կիոտոյի համալսարանի և Sumitomo Forestry ընկերության մասնագետները՝ JAXA-ի աջակցությամբ։


Արբանյակը նախատեսվում է արձակել 2023 թվականին։

1/2098
bottom of page