Հայաստանը պատրաստ է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացմանը. Արփինե Սարգսյան
- 1 hour ago
- 1 min read

Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։
ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ողջ ծավալով, ինչը միանգամայն համահունչ է ՀՀ կառավարության ոլորտային բարեփոխումների օրակարգին։ Նրա խոսքով՝ արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են ծրագրով նախատեսված՝ ինչպես միգրացիայի և սահմանների կառավարման, այնպես էլ իրավապահ մարմինների և արդարադատության ուղղություններով աշխատանքները։ Ընդգծվել է նաև, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանը համադրելի երկրների համեմատ տպավորիչ կարճ ժամկետում ստացել է Գործողությունների ծրագիրը․ անմիջապես հաջորդել է ՆԳ նախարարության համակարգմամբ իրավասու գերատեսչությունների ջանքերի մեկտեղումը թիրախային և ժամանակին արդյունքներ գրանցելու նպատակով։
Հանձնակատար Բրունները բարձր է գնահատել ներդրված ջանքերը՝ ՀՀ քաղաքացիների շարժունակությունը դեպի ԵՄ երկրներ ազատականացնելու ուղղությամբ և արձանագրել, որ հաստատուն կամքն ու ներդրվող ռեսուրսներն այս ուղղությամբ արդեն իսկ նկատելի և գնահատելի են։ Նա համոզմունք է հայտնել, որ բարձր կատարողականով որակյալ, թիրախային և ժամանակին առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։
Նախարար Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը գնահատում է միգրացիոն հոսքերի կառավարմանը միտված ԵՄ ջանքերը և վիզաների ազատականացման գործընթացում հատուկ նշանակություն է տալիս ՀՀ-ից դեպի ԵՄ երկրներ ուղղված անօրինական հոսքերի կրճատմանը, գիտակցված և պատասխանատու միգրացիոն վարքագծի ձևավորմանը։
Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ շարունակական աջակցության և միայն ՀՀ-ի հետ ակտիվ բանակցային գործընթաց ունենալու համար, նա նաև ընդգծել է պատրաստակամությունը՝ գործնական համագործակցությունը բարձր որակով շարունակելու ուղղությամբ։




















