Փաշինյանի ակնհայտ կեղծիքը
Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ամենավտանգավոր դրվագն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայատացությունը «էմոցիոնալ» դրսևորում համարելն է, առավել ևս` Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի` առաջին պատերազմում հաղթած իշխանության հռետորաբանության նույնականացման փորձն է։ Դժվար է ասել, թե ինչու է Փաշինյանը հետևողականորեն առաջ տանում ադրբեջանական թեզերը, այն էլ՝ ակնհայտ կեղծիքի միջոցով։ Սա կամ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի տարրական չիմացություն է, կամ էլ՝ նպատակային մարտավարություն, որի մոտիվը վտանգավոր հետևությունների տեղիք կարող է տալ։
Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հրապարակային խոսքում երբեք չի եղել ատելության խոսք կամ դրա գեներացիա, ավելին` Առաջին նախագահը նույնանում է կարգավորման փոխզիջումային մի տարբերակի հետ, որը մեր հասարակության ու քաղաքական ուժերի մեծամասնությունը մերժել է, ինչի հետևանքով, ի դեպ, 1998-ի փետրվարին Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել։
Հանուն արդարության նկատենք, որ ԼՂ խնդրում Տեր-Պետրոսյանին հակադրված ու ավելի կոշտ դիրքորոշումներ ունեցող երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հրապարակային խոսքում նույնպես բացակայել է ադրբեջանատացությունը։ Ավելին, Հայաստանի նախկին ղեկավարներից և որևէ մեկը տարածքային պահանջներ չի ներկայացրել Ադրբեջանի որևէ բնակավայրի նկատմամբ, չի խրախուսել կրթական այնպիսի ծրագրերը, որոնցում ատելություն է գեներացվել ադրբեջանցիների նկատմամբ։
Մինչպատերազմյան Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս «ոչմիթիզականության» դիրքերից, Ստեփանակերտի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց ծափերի ներքո Արցախը Հայաստան էր համարում, ֆետիշացնում էր Սևրի դաշնագրի 100-ամյա տարեդարձը՝ այս ամենով նպաստելով պատերազմի սանձազերծմանը։ հետպատերազմյան Նիկոլ Փաշինյանը դարձել է անողնաշար պացիֆիստ՝ ապացուցելով, որ իր միակ նպատակը իշխանության պահպանումն է՝ առանց որևէ արժեքի ու «իզմ»-երի։
Վահրամ Բագրատյան