2021թ-ին «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցած գումարները կտրուկ նվազել են․ ովքեր են խոշոր նվիրատուները

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի համար նախորդ տարին «ճգնաժամային» էր։ Հիմնադրամը ֆոնդահայթայթման և դրամաշնորհների պատասխանատուի փնտրտուքների մեջ էր։ MediaHub.am-ը ուսումնասիրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տարեկան հաշվետվությունը՝ պարզելու, թե որքա՞ն գումար է փոխանցվել նախորդ տարի այս հիմնադրամին։ Հիմնադրամը ստեղծվել է 2018թ-ի քաղաքական վերադասավորումից հետո։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Մխիթար Հայրապետյանն է։ 2021թ-ին հիմնադրամին փոխանցվել է 1,8 մլն դրամ, 301,480 դոլար և 3,342 եվրո։ 2019թ․-ին հիմնադրամին ամենաշատ փոխանցումներն են եղել։ 756,6 մլն դրամ, 1,7 մլն դոլար, 2,9 մլն ռուբլի, 138 եվրո, 10,000 ֆրանկ և 10,000 կանադական դոլար։
Իսկ 2020թ-ին հիմնադրամին է փոխանցվել 421,5 մլն դրամ, 288,746 դոլար, 708,000 ռուբլի և 3,250 եվրո։ Այս տարի ոչ միայն հիմնադրամ փոխանցված գումարներն են քիչ, այլ նաև նվիրատուները: Որպես օրինակ՝ նշենք, որ ամենամեծ գումարը փոխանցել են Տաթևիկ Գրիգորյանը՝ 1,2 մլն դրամ և Վալերի Բալինյանը՝ 600 եվրո։ 2021-ի փոխանցումների անհատական տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հանրությանը հայտնի միակ անձը, որը գումար է փոխանցել, «Հայաստան» համահայական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն է։ Վերջինս փոխացնել է 3 000 դրամ։ Ուշագրավն այս ցանկում ոչ միայն փոխանցումների կտրուկ նվազումն է, այլև այն, որ ցանկում բացակայում են նախկին տարիներին փոխանցում կատարած գործարարների ու օլիգարխների անունները։
Որպես օրինակ՝ նշենք, որ նախորդ տարիներին Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը փոխանցել է 5 մլն դրամ, Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ը նույնպես՝ 5 մլն դրամ, Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը՝ 12 մլն դրամ, Գաբրիել Չենբերջյանը՝ 25 հազար դոլար և 12,6 մլն դրամ, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի»-ն՝ 34,5 մլն դրամ, «Ալեքս Հոլդինգ»-ը՝ 33,6 մլն դրամ, իսկ «Նատալի ֆարմ»-ը՝ 10 մլն դրամ։
Հետաքրքրական է, որ «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցումներ են կատարել մի շարք հիմնադրամներ։ Մասնավորապես՝ փոխանցում է կատարել «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամը՝ 15 հազար դոլար, 10 հազար ռուբլի, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը՝ 5 մլն դրամ, «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը՝ 42 834 600 դրամ և 45 մլն դրամ, «Արմենիան ֆյուչր» բարեգործական հիմնադրամը՝ 48 350 000 դրամ։ Նախկինում գումար է փոխանցել նաև «Դիջիթեյն» ՍՊԸ-ն, որտեղ այժմ աշխատում է Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը՝ 1 մլն դրամ։




















