«Վրաստանի հայ համայնք»-ը ակցիա է անցկացրել ՆԳՆ շենքի մոտ
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում հրապարակում է տարածել, ըստ որի՝ «Վրաստանի երիտասարդական միության և «Րաֆֆի» ուսանողական միության մի խումբ անդամներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց պիկետ են անցկացրել»:
Ակցիայի մասնակիցներն այս ձևով իրենց բողոքն են արտահայտել օրերս տեղի ունեցած մի միջադեպի՝ հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնություն գործադրելուն:
Կազմակերպությունը նախօրեին թեմայի հետ կապված նաև հայտարարություն է տարածել, որի մեջ մասնավորապես նշված է. «Օրեր առաջ հրապարակվեց մի տեսանյութ, որը մեծ վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է իրավապահ մարմնի կողմից ֆիզիկական բռնության ենթարկվում երիտասարդ անձը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ բռնության ենթարկված անչափահաս երիտասարդը հաշմանդամ է։
Մենք ակտիվորեն հետևում ենք այս իրադարձությունների զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որպեսզի ոստիկանության նկատմամբ տարիների ընթացքում ձեռք բերված հասարակության վստահությունը կրկին չկորչի»: