«Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում

Նոյեմբերի 9-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ տնտեսական ոլորտով զբաղվող պատգամավորների նախաձեռնությամբ «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Մասնակցել են խորհրդարանականներ, կառավարության անդամներ եւ մեդիահանրույթի ներկայացուցիչներ:
Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ նախորդ գումարման խորհրդարանում: Մինչ այժմ անցկացվել են բազմաթիվ հանրային քննարկումներ: Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի գովազդների պարագայում կիրառել նույն սահմանափակումները, որոնք օգտագործվում են շահումով խաղերի ու խաղատների գովազդների դեպքում:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով՝ նախագծի ընդունումը կունենա դրական սոցիալական ազդեցություն եւ հասարակությանը զերծ կպահի մոլեխաղերով հրապուրվելու վտանգից: Նախագծի ընդունման պարագայում ռադիոյով, հեռուստատեսությամբ եւ համացանցով կարգելվի ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը:
Կարգավորումը, սակայն, մեդիաոլորտի ներկայացուցիչների շրջանում առաջացրել է դժգոհություն: Ըստ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՝ կանոնների կտրուկ փոփոխությունը կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների եւ եթերի բովանդակության որակի վրա:
Մեդիադաշտում կա մոտավոր հաշվարկ, թե որքան կկազմի հեռարձակող ընկերությունների ֆինանսական անկումը: Շահումով խաղերի գովազդներից ստացված մուտքերը, ըստ մեդիաներկայացուցիչների, կազմում են ընդհանուր եկամուտի 15 տոկոսը: Կառավարությանն առաջարկվում է օրենքի կիրառումը հետաձգել երկու տարով: Հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչների պնդմամբ՝ գովազդի արգելքն ամենեւին չի օգնելու հանրությանը զերծ պահել մոլեխաղերից: Վերջիններս առաջարկում են պայքարի համակարգված մեխանիզմ:
Շուրջ 3 ժամ տեւած քննարկմանը օրենսդիրն ու գործադիրը հավաքագրել են բոլոր մտահոգությունները եւ կայացրել այս փուլում գործընթացը ժամանակավորապես առկախելու որոշում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարեւորել է թերություններից հնարավորինս զերծ օրենքի ընդունումը: Նա հիշեցրել է՝ ժամանակը սուղ է, մոտ ապագայում օրենքի մշակումն ամբողջապես պետք է ավարտել: