Անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին որոշումը․ փաստաբան
- 2 hours ago
- 1 min read

Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/4514/02/25 վճռով (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ Ռադիոլուր ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին։ Այս մասին հայտնում է փաստաբան Կարինե Ղաշանգյանը։
«Դատարանի գնահատմամբ որոշման համար իրավական հիմք հանդիսացած որոշումը (Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումը)և հավելվածը կորցրել են իրենց իրաբանական ուժը դեռևս 2020 թվականից՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով, ինչպես նաև վիճարկվող հրամանում նշված իրավական հիմքը և կիրառված կարգապահական տույժը չեն համապատասխանում միմյանց։
Հիշեցնեմ, որ Ալիսա Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, Հովհաննես Իշխանյանի գրառումամբ ֆեյսբուքյան հարթակում կիսվելու համար։ Ալիսայի նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ նկատողություն, Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը ևս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր»,- գրել է փաստաբանը։




















