Դադարեցվել է 67 և 41 համարի երթուղայինների գործունեությունը․ որն է պատճառը
67 եւ 41 համարի երթուղիները այլեւս չեն սպասարկվում։ Այս երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների գործունեությունը դադարեցվել է, քանի որ լրացել է դրանց շահագործման ժամկետը։
Երկու երթուղիներն էլ սպասարկում են նաեւ Ներքին Չարբախը, որտեղ հասարակական տրանսպորտն ակտիվ չի աշխատում։ Օրինակ, Կենտրոն գնալու համար բնակիչները օգտվում էին 41 համարի երթուղին սպասարկող տրանսպորտից, բայց մի քանի օր է՝ նրանք Կենտրոն հասնելու համար այլընտրանքային տարբերակներից են օգտվում։
Աննան, որը մշտապես օգտվում էր 41 համարի երթուղայինից, NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այդ երթուղին ծանրաբեռնված էր, քանի որ Կենտրոն գնացող միակ գիծն էր։
«Առավոտյան ժամին առանց այդ էլ 41-ը շատ ծանրաբեռնված էր աշխատում։ Ուղեւորների թիվը չափազանց մեծ է, գազելի մեջ մարդիկ հազիվ էին բառի բուն իմաստով իրար վրա լցվում ու տեղավորվում՝ Կենտրոն հասնելու համար։ Հիմա այդ երթուղին էլ չի սպասարկվում, ստեղծված իրավիճակում մարդիկ ստիպված են կամ մի քանի կանգառ ոտքով քայլել, որպեսզի կարողանան այլ տրանսպորտից օգտվել կամ երկու փոխադրամիջոց փոխել, կամ էլ տաքսիով երթեւեկել, որի ֆինանսական հնարավորությունները չունեն, առավել եւս համատարած թանկացումների պայմաններում»,- նշեց Աննան։
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից պարզաբանեցին, որ 67 եւ 41 համարի երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը, որը 15 տարի էր, լրացել է։
Փետրվարի 7-ից, 67 համարի երթուղայինին կփոխարինեն 54 եւ 14 համարի ավտոբուսները։
«Քաղաքապետարանը 54 եւ 14 համարի ավտոբուսային երթուղայինները համալրել է մի քանի ավտոբուսներով։ Տեղի է ունենալու նաեւ երթուղու որոշակի փոփոխություն, որ նախկինում 67-ից օգտվող քաղաքացիները դիսկոմֆորտ չունենան։ Երկուշաբթի օրվանից երթուղի դուրս կգան համալրված շարժակազմով 54 եւ 14 համարի երթուղայինները, որոնք մաքսիմալ կմոտենան այն հատվածներին, որտեղ բնակիչների համար խնդիր էր առաջացել»,- լրատվականին փոխանցել են լրատվության վարչությունից։
41 համարի երթուղայինը փոխարինելու հարց նույնպես քննարկվում է քաղաքապետարանում, բայց այս պահի դրությամբ այլընտրանքային տարբերակ չի առաջարկվում։
«Նախկինում մասնավոր ընկերությունը շահագործել է երթուղային միկրոավտոբուս, բայց հիմա այլեւս հնարավոր չէ դա շահագործել։ Հետեւաբար կլինեն փոփոխություններ, որոնք ձեռնտու չեն լինի բնակիչներին, բայց դիտարկվում է այնպիսի տարբերակ, որն այլընտրանք կլինի։ Բայց չի բացառվում, որ երկու երթուղայինով տեղափոխվելու անհրաժեշտություն առաջանա, ելնելով եղած ռեսուրսներից»,- հավելել են Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
67 համարի երթուղայինը սպասարկում է հետեւյալ թաղամասերը. Ներքին Չարբախ (սկ. կ.) - Արարատյան - Շիրակի - Արտաշիսյան փող-ներ - Բագրատունյաց պող. - Սեբաստիայի - Րաֆֆու - Զոր. Անդրանիկի - Օհանովի - Շերամի - Ա. Բաբաջանյան փող-ներ - Էջմիածնի խճ. - գ. Փարաքար (վերջ. կ.):
Հետադարձը` նույն ուղեգծով:
Իսկ 41 համարի երթուղին՝ «Էլեկտրոն» գ-ն (սկ. կ.) - Շարուրի - Շիրակի - Արտաշիսյան - Արագածի - Մանթաշյան - Չեխովի - Մայիսի 9-ի - Գարեգին Նժդեհի փող-ներ - Արշակունյաց պող. - Գրիգոր Լուսավորչի փող. - Մեսրոպ Մաշտոցի - Սայաթ-Նովայի պող-ներ - Վահան Տերյանի - Կորյունի - Խաչատուր Աբովյանի փող-ներ - Աբովյան պուրակ - Սարալանջի փող. - Ազատության պող. - Ադոնցի - Շիրվանզադեի - Մամիկոնյանց - Մալխասյանց փող-ներ - Հուշանվերների կոմբ. (վերջ. կ.): Հետադարձը` նույնը մինչեւ Սարալանջի - Վահան Տերյանի փող-ներ - Աբովյան պուրակ - Խաչատուր Աբովյանի փող-ներ - Սայաթ-Նովայի պող. - շարունակությունը՝ նույն ուղեգծով: