top of page

Հայաստանի համար կարևոր քվեարկություն․ ԵՄ-ն մաքսային արտոնություններ կսահմանի․ Factor TV

Sep 10
2 min read

Եվրոպական խորհրդարանը հաստատել է 2026 թ․ սեպտեմբերի 14–17-ի լիագումար նստաշրջանի վերջնական օրակարգը։ ԵԽ մամուլի ծառայությունից Factor TV-ին հայտնեցին, որ Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների վերաբերյալ օրինագիծն ընդգրկված է ստրասբուրգյան նստաշրջանի օրակարգում, և քվեարկությունը նախատեսվում է սեպտեմբերի 15-ին՝ կեսօրից հետո։ 



«Առևտրի ազատականացման միջոցառումները նախորդ շաբաթ ընդունվել են Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովի (INTA) կողմից՝ առանց սկզբնական օրենսդրական առաջարկում որևէ փոփոխություն կատարելու։ Նույնն ակնկալվում է նաև լիագումար նիստում․ փոփոխություններ կամ սկզբնական օրենսդրական առաջարկից շեղումներ չեն նախատեսվում»,- կայքին հայտնել է ԵԽ մամուլի քարտուղար Դանիել Կոստերը։ 



Օրինագծով նախատեսվում է ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը՝ լայն շրջանակի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կասեցնելու միջոցով։ ԵՄ Խորհուրդը սեպտեմբերի 2-ին հավանություն էր տվել Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ արագացնելով կանոնակարգի ընդունումը Եվրոպական խորհրդարանում։





«Քանի որ Եվրոպական միության խորհուրդը ևս նախորդ շաբաթ աջակցել է ժամանակավոր առևտրային միջոցառումներին, ապա հաջորդ շաբաթ նախատեսվող խորհրդարանական քվեարկությունից հետո կմնան միայն երկու հաստատությունների նախագահների կողմից ստորագրումը և կարգավորման հրապարակումը ԵՄ Պաշտոնական տեղեկագրում»,- ասել է Դանիել Կոստերը։ 



Կանոնակարգն ուժի մեջ կմտնի դրա հրապարակմանը հաջորդող օրը և կկիրառվի այդ օրվանից երկու տարի ժամկետով։ 



Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովն այս նախաձեռնությամբ հանդես եկավ հայկական ապրանքների ռուսական շուկա արտահանման արգելքից հետո։ Բրյուսելի գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը միաժամանակ պետք է մեղմի Ռուսաստանի սահմանափակումների ազդեցությունը և ամրապնդի ԵՄ–Հայաստան առևտրային հարաբերությունները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։ Նախատեսվող արտոնությունները կարող են ընդգրկել դեպի Ռուսաստան Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99 տոկոսին համարժեք ապրանքատեսակներ, ինչպես նաև խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։ Մաքսատուրքերի կասեցումը չի լինի անվերապահ։ Արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու համար Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման կիրառելի կանոնները, ԵՄ-ի հետ ապահովի վարչական համագործակցություն, ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չսահմանի, հարգի ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։

1/3635
bottom of page