Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը նվազել է 30 տոկոսով
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Ուկրաինայում շուրջ չորս տարի շարունակվող պատերազմը և նոր քաղաքացիների նկատմամբ պահանջների խստացումն օտարերկրացիների մոտ վերացրել են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկությունը։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ռուսական անձնագիր է ստացել 110,8 հազար մարդ, ինչը 30,1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա բխում է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներից, որոնք մեջբերում է «Իզվեստիա»-ն։ Այն երկրների հնգյակում, որոնց բնակիչներն ընթացիկ տարում ամենահաճախն են ստացել Ռուսաստանի քաղաքացիություն, ընդգրկվել են Տաջիկստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Հայաստանը և Ուկրաինան։
ՆԳՆ-ում անձնագրերի տրամադրման նվազումը բացատրել են վերահսկողության խստացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Ուկրաինայի բռնակցված շրջանների բնակիչների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2022–2024 թվականներին։ Միևնույն ժամանակ, նախարարությունն արձանագրել է արտոնագրով աշխատող օտարերկրացիների թվի 32% աճ՝ հասնելով մինչև 1,9 մլն մարդու, ինչպես նաև աշխատանքի թույլտվությունների տրամադրման 52% աճ՝ մինչև 103 հազար։ Արտոնագրերը ձևակերպում են մերձավոր արտերկրի առանց վիզայի երկրների քաղաքացիները, մինչդեռ աշխատանքի թույլտվությունները՝ Չինաստանի, Հնդկաստանի և Աֆրիկայի երկրների քաղաքացիները։ Նաև 26,4%-ով ավելացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների քաղաքացիների աշխատանքի տեղավորման քանակը՝ հասնելով գրեթե 730 հազարի։
Իշխանությունները վերանայել են քաղաքացիության ստացման պարզեցված պայմանները և խստացրել վերահսկողությունն այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում այն ձևակերպել են վերաբնակեցման ծրագրերի, ժամանակավոր կացության թույլտվության կամ կացության կարգավիճակի միջոցով, ասում է AVG Legal-ի կառավարող գործընկեր Ալեքսեյ Գավրիշևը։ Քաղաքացիության ընդունման մոտեցումը դարձել է ավելի ընտրողական. նոր քաղաքացիների թվաքանակի ավելացման փոխարեն հիմնական շեշտը դրվում է «որակի» վրա. յուրաքանչյուր առանձին դեպքում գնահատվում է անվտանգության սպառնալիքը, սոցիալական համատեղելիությունը, ինչպես նաև պետության հանդեպ հավատարմությունը, հաստատել է Կառավարման պետական համալսարանի մասնավոր իրավունքի ամբիոնի դոցենտ Վլադիմիր Պոպովը։ Նրա խոսքով՝ նոր քաղաքացիների թվի կրճատումը պարզեցված ընթացակարգերի գործողության գագաթնակետն անցնելու հետևանք է, իսկ տրամադրված արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների քանակի աճը պատասխան է տնտեսության մեջ աշխատուժի կառուցվածքային դեֆիցիտին։




















