top of page

Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում կրկնակի չեմպիոն է

2 hours ago
1 min read


Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը փայլուն հաղթանակ տարավ հենացատկի վարժությունում՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի քառակի գավաթակիր հայ մարմնամարզիկը եզրափակիչ փուլում անգերազանցելի էր։ Երկու փայլուն ցատկերի հանրագումարով Դավթյանը վաստակեց 14,850 միավոր և մրցակիցների համար դարձավ անհասանելի։ Ի դեպ, որակավորման փուլը մեր մարզիկը հաղթահարել էր երկրորդ տեղով՝ վաստակած 14,633 միավորով։

Հենացատկի վարժությունում արծաթե մեդալին արժանացավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (14,650 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակեց նորվեգացի Սեբաստիան Սպոնևիկը՝ 14,366 միավորով։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել էր 2022 թվականին, իսկ նախորդ տարի՝ 2025-ին, Ինդոնեզիայում կայացած ստուգատեսում դարձել էր փոխչեմպիոն (14,833 միավոր)՝ ոսկե մեդալը նվազագույն տարբերությամբ զիջելով միայն օլիմպիական կրկնակի չեմպիոն, ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին (14,866 միավոր)։

Այսպիսով, Հայաստանի մարմնամարզության հավաքականը Ռոտերդամի աշխարհի առաջնությունն ավարտում է ֆանտաստիկ ցուցանիշով՝ նվաճած 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով։ Ավելի վաղ նժույգ-թափեր վարժությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Համլետ Մանուկյանը, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հայաստանի հավաքականի համար ևս մեկ բրոնզե մեդալ օղակների վարժությունում նվաճել էր Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը։

1/3702
bottom of page