44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի մորը տուգանել են․ ինչո՞ւ արտոնությունը չի գործել
- 1 hour ago
- 1 min read

44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մորը հասարակական տրանսպորտից օգտվելիս տուգանելու դեպքին անդրադարձել է Երևանի քաղաքապետի խոսնակ…
44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մորը հասարակական տրանսպորտից օգտվելիս տուգանելու դեպքին անդրադարձել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։
Նրա պարզաբանմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անվճար երթևեկության արտոնությունը տրամադրվում է կոնկրետ շահառուին և գործող կարգավորմամբ չի տարածվում նրան ուղեկցող անձի կամ ընտանիքի անդամի վրա։
«Այս դեպքում տուգանքը կիրառվել է այն պատճառով, որ արտոնյալ երթևեկության իրավունքն օգտագործել է ոչ թե շահառուն, այլ նրան ուղեկցողը, ինչը վարչական իրավախախտում է»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ տուգանքն արդեն մարված է։
Քաղաքապետարանում նաև քննարկվում է նախագիծ, որով հաշմանդամություն ունեցող անձանց օգնականները կամ ուղեկցողները, իսկ որոշ դեպքերում նաև ընտանիքի անդամները, կարող են հասարակական տրանսպորտից օգտվելու արտոնություն կամ անվճար երթևեկելու հնարավորություն ստանալ։
Հիշեցնենք՝ օրեր առաջ սոցիալական ցանցերում քննարկման առիթ էր դարձել 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպա Էրիկ Գասպարյանի մորը՝ Լուսինե Գասպարյանին, Երևանի հասարակական տրանսպորտում 15 հազար դրամով տուգանելու դեպքը։
Լուսինե Գասպարյանին ավելի վաղ քաղաքապետարանի և վարչական շրջանի կողմից տրամադրվել էր տրանսպորտային քարտ՝ անվճար երթևեկելու համար, որպեսզի նա կարողանա այցելել «Զինվորի տուն»՝ որդուն տեսակցության։
Դեպքից հետո հնչել էին կոչեր՝ վերացնել տուգանքի վերաբերյալ վարչական ակտը։




















