top of page

ՔՊ-ական Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ տունը, որտեղ ապրում է Արամայիս Թախմազյանը, պատկանում է Եկեղեցուն, ոչ թե Կաթողիկոսին․ փաստաբան

  • 3 hours ago
  • 1 min read


ՔՊ-ական Արփինե Դավոյանը բացահայտ ստում է, հայտարարել է Վեհափառ Հայրապետի փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը հետևյալ խոսքերն է արտաբերել՝ «Կամ հենց այս պահին, նկատի ունեմ, երեկ, այսօր, այս քանի օրը ի՞նչ է տեղի ունենում։ Թալինի եկեղեցու հոգևոր հորը՝ տեր Թադեին, տնից հանում են: 4 երեխաների հորը: Կտրիճ Ներսիսյանի անունով գրանցված տնից։ .... Տո՛ւնը, տո՛ւնը, որտեղ բնակվումա Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի։ Ոչ թե կաթողիկոսի, Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա»:

Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ստում է։

Նախ, ինչպես բացատրես օրենսդիր իշխանության ներկայացուցչին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի աշխարհիկ ՝ Հայաստանի Հանրապետության անձնագրով անունը «Գարեգին Բ» է: Պատգամավորը, վարչապետը և մյուս իշխանավորները բացահայտ արհամարհում են ինչպես հոգևոր կարգը, այնպես էլ՝ սեփական երկրի օրենքներն ու պետության կողմից ճանաչված ու գրանցված անունը:

Երկրորդ, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որտեղ ապօրինաբար բնակվում է Արամայիս Թախմազյանը, դեռևս 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ոչ թե՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ որևէ այլ ֆիզիկական անձի:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2026թ. վճռել է սեփականատեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը բավարարել և Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել նշված բնակարանից:

Այդ բնակարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի:

Պարզ է, որ բացահայտ ստի և երկրի օրենքները չհարգելու համար «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ներողություն չի խնդրի, ու կշարունակեն հերթական ստերով երկիրը տանել անդունդ»,- նշել է  Զոհրաբյանը։

1/3581
bottom of page