Դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է թվով 895 սիգ տեսակի ձուկ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի առաջին տասնօրյակը։
Ներկայացվել են իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, վերլուծել են թվային պատկերը։
Ամբողջ ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի և արագ արձագանքման բաժնի աշխատակիցների ու ծրագրի կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից ձկնորսների հետ տարվել են բացատրական աշխատանքներ ապօրինի ձկնորսության դեպքերը կանխելու, լողամիջոցները ափամերձ հատվածներից դուրս բերելու ուղղությամբ: Իրականացվող միջոցառումների ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Ոստիկանության և ԲԸՏՄ-ի աշխատակիցների հետ համատեղ տեղադրվել են 3 անշարժ հսկիչ կետեր՝ Կարճաղբյուրի, Ճամբարակի, Սևանի ՊԱՏ անշարժ պահակետերում:
Դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 895 սիգ տեսակի ձուկ:




















