top of page

Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ

  • 4 hours ago
  • 1 min read

Երևանի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի կառավարման կոնցեսիայից հրաժարվելու անհրաժեշտության մասին տարօրինակ են թվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առնվազն տարօրինակ են թվում հայկական կողմի հայտարարություններն այն մասին, թե հայկական երկաթուղիների «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն կառավարումն իբր որոշակի մրցակցային կորուստներ է ստեղծում հանրապետության համար, և այդ կոնցեսիան երրորդ երկրներին զիջելու առաջարկները», - ասել է նա։

Ինչպես նշել է Շևցովը, պայմանագիրը կնքված է հայկական կողմի համար առավելագույնս բարենպաստ պայմաններով։

«Ըստ նախնական գնահատականների՝ կոնցեսիայի պոտենցիալ գնորդները պետք է վճարեն առնվազն 250 միլիոն դոլար՝ իրավունքների հետգնման և փոխհատուցման համար, տարեկան ծախսեն մոտ 40 միլիոն դոլար շահագործման ծախսերի վրա, ներդնեն շուրջ 400 միլիոն դոլար քանդված Իջևանի հատվածի վերականգնման համար, մոտ 200 միլիոն դոլար՝ Վանաձոր-Ֆիոլետովո հատվածում, ինչպես նաև մոտ 40 միլիոն դոլար՝ Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանի հատվածների վերականգնման համար», - թվարկել է նա։

«Ընդ որում, հայկական երկաթուղային ցանցով բեռնափոխադրումների ծավալները հաստատված չեն, իսկ դրանց աճի ներուժն ակնհայտ չէ, մինչդեռ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում դրանք երաշխավորված կերպով կկրճատվեն»,- նշել է Շևցովը:

Այնուամենայնիվ, ինչպես մատնանշել է Շևցովը, տեսությունը միշտ կարելի է ստուգել գործնականում։ Միևնույն ժամանակ, բացառված չէ, որ արդյունքները գերազանցեն սպասելիքները, և ԵԱՏՄ-ի հետ խզումից Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստներն էլ ավելի մեծ լինեն, հավելել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։

1/3327
bottom of page