top of page

Երբ ԱԲ-ից օգտվելու հնարավորություն չկա, այդ գործիքակազմն օգտագործած սովորողներն ավելի վատ արդյունքներ են ցուցաբերում, քան մյուսները. Ժաննա Անդրեասյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 2 min read


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր և այս տարի կրում է «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը» խորագիրը:



Այս խորագիրը նշանավորում է այն դերը, որն ունեն երիտասարդները կրթության ոլորտի զարգացումների և քաղաքականությունների մշակման գործընթացում: Այն նաև հիշեցնում է, որ կրթությունը նախևառաջ սովորողի մասին է, նրա շուրջ է և նրա մասնակցությամբ:



Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի նրանց մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում, նպաստի նրանց տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը: Հենց այս գաղափարն է կրթության ոլորտի ռազմավարության կարգախոսում՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»: Այն առաջին հերթին սովորողի ակտիվության, նախաձեռնողականության, մասնակցության և գործողության մասին է՝ հուշելով նաև սովորելու վերջնարդյունքը, որն ինչպես անհատի, այնպես էլ դրան համադրված և դրանից բխող հանրային լավակեցությունն ու բարեկեցությունն է:


Ամբողջ աշխարհում կրթական համակարգն ակտիվորեն վերափոխվում է, և առաջիկայում այդ վերափոխումն ավելի տեսանելի է դառնալու:


Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ թվային կրթության վերաբերյալ վերջին զեկույցը պարզ է դարձնում, որ արդեն իսկ աշխարհում ամեն երրորդ ուսուցիչ օգտագործում է արհեստական բանականության գործիքակազմը: Ընդ որում՝ այս գործիքակազմն օգտագործող ուսուցիչների 57 տոկոսը համարում է, որ այն իրենց օգնել է ավելի լավ պլանավորել դասերն ու պատրաստել դրանք: Միաժամանակ, ավելի քան 70 տոկոսը մտավախություն ունի, որ արհեստական բանականության գործիքակազմը վնասում է ակադեմիական ազնվության միջավայրը:



Հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած երեխաներն ավելի լավ կարող են լուծել առաջադրանքներն ԱԲ միջոցով, սակայն այն չի դառնում իրական գիտելիք և հմտություն, այլ դրսևորվում է իբրև իրավիճակային վարքագիծ, քանի որ երբ ԱԲ-ից օգտվելու հնարավորություն չկա, այդ գործիքակազմն օգտագործած սովորողներն ավելի վատ արդյունքներ են ցուցաբերում, քան մյուսները: Միաժամանակ, մանկավարժորեն ճիշտ ուղղորդման պարագայում ԱԲ գործիքակազմը ոչ միայն իրավիճակային աջակցություն է հանդիսանում, այլև օգնում է գիտելիքի և հմտությունների շարունակաբար խորացմանն ու լավարկմանը:



Այս նպատակով անհրաժեշտ է, որ ԱԲ-ն կրթական համակարգ մուտք գործի ոչ թե ինքնաբերաբար, այլ մանկավարժական առումով մտածված, գիտակցված, ուղղորդված՝ որպես ուսուցչի և դասախոսի օգնական: ԱԲ այդպիսի գործածումը պահանջում է նախևառաջ ԱԲ գրագիտություն, որը պետք է դառնա մեդիագրագիտության անբաժանելի բաղադրիչը և ուսուցանվի բոլոր ուսումնական հաստատություններում:



Ինչպես կրթության ոլորտի բոլոր ճանապարհները, սա ևս միասին անցնելու ճանապարհ է՝ հետևողական աշխատանքով ու ջանքով և անընդհատ սովորելով», - ասվում է ուղերձում:

1/3128
bottom of page