Ամեն ինչ կախված է Երևանից. ՀԱՊԿ ԽՎ անդամը` Հայաստանի «սառեցված» կարգավիճակի մասին
- Lilit

- 8 hours ago
- 1 min read

Թե որքան կտևի Հայաստանի «սառեցված» կարգավիճակը ՀԱՊԿ-ում, կախված է հենց Երևանից։ Sputnik Արմենիա հարթակի միացմամբ կայացած Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի փոխնախագահ Անատոլի Վիբորնին։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջխորհրդարանական միջոցառումների տեսանկյունից հայ գործընկերները չեն մասնակցում վեհաժողովի միջոցառումներին, բայց դեմ չեն բոլոր այն փաստաթղթերին, որոնք ընդունվում են խորհրդարանական վեհաժողովի շրջանակում։
«Ինչպե՞ս ենք մենք դրան նայում։ Այսօր, կարծում եմ, ամբողջ աշխարհն արդեն դե յուրե և դե ֆակտո տեսել է, որ ՀԱՊԿ-ը, ՀԱՊԿ ԽՎ-ն աշխարհում միակ հարթակն է, որտեղ որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։ Երկրի, խորհրդարանականների վրա որևէ ճնշում չի գործադրվում։ Մենք խիստ հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների կայացրած որոշումներին և որևէ պահանջ չունենք։ Եվ նաև տեսնում ենք, որ Հայաստանը խոր հարգանքով է վերաբերվում մեր կայացրած որոշումներին», – ասաց Վիբորնին։
Թե որքան կտևի այս իրավիճակը, ըստ նրա, կախված է Հայաստանից։ Նա նաև անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։ Վիբորնիի խոսքով` ՀԱՊԿ-ի բոլոր երկրները հանդես են գալիս բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։
«Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն այդ մասին։ Եվ գիտեն, թե ինչ ներդրում ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում 1990-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Եվ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս քաղաքականությանը նաև հետագայում՝ անելու հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդիկ չզոհվեն, ցանկացած խնդիր լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», – ասաց Վիբորնին։




















