top of page

Հայազգի երկու եղբայր վտանգելով կյանքը՝ Գլենդելում այրվող շենքից 6 տարեցի են փրկել

14 hours ago
1 min read

Հայազգի եղբայրներ Ալեքս և Նարեկ Բազինյանները ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում հրդեհի ժամանակ օգնության են հասել տարեցների խնամքի կենտրոնում գտնվող մարդկանց և օգնել փրկել 6 տարեցի։ Այս մասին հայտնում է ABC7-ը։



Ալեքսն ու Նարեկն ապրում են հրդեհված շենքից ընդամենը մի քանի տուն այն կողմ էին:  Երբ կենտրոնում հրդեհ է բռնկվել, եղբայրները լսել են բուժքրոջ ձայնը, որը դուրս էր եկել շենքից և օգնություն էր խնդրում։



Տեսնելով, որ շենքը կրակի ու խիտ ծխի մեջ է, եղբայրներն անմիջապես շտապել են օգնության։



«Մենք տեսանք, որ բուժքույրը դուրս էր գալիս տնից և օգնություն էր խնդրում։ Դրանից հետո պարզապես վազեցինք ներս»,- պատմել է Ալեքսը։



Ալեքսն ու Նարեկը մտել են այրվող շենք, որտեղ այդ պահին տարեց մարդիկ էին գտնվում։ Չնայած ուժեղ ծխին և կրակին՝ նրանք սկսել են օգնել տարեցներին հնարավորինս արագ դուրս գալ շենքից և հասնել անվտանգ վայր։


Նարեկի խոսքով՝ ներսում շատ ուժեղ ծուխ էր, տարածքում նաև կրակ էր։ Այդ պայմաններում նրանք փորձել են հնարավորինս արագ գտնել ներսում մնացած մարդկանց և դուրս բերել նրանց։




Եղբայրների օգնությամբ հրդեհված շենքից հաջողվել է փրկել 6 տարեց մարդու։




Դեպքից հետո ընդհանուր առմամբ 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժզննման և անհրաժեշտ օգնության համար։ ABC7-ի տվյալներով՝ նրանց վիճակը կյանքին վտանգ չի ներկայացնում, և սպասվում է, որ բոլորը կապաքինվեն։




Ալեքս և Նարեկ Բազինյանների արարքը մեծ արձագանք է ստացել։ Նրանց հերոսներ են անվանում, քանի որ եղբայրները, չնայած կրակին ու խիտ ծխին, չեն սպասել փրկարարների ժամանմանը և մտել են շենք՝ այնտեղ գտնվող տարեցներին օգնության հասնելու համար։

1/3615
bottom of page