Գրին քարտերի վիճակախաղը վերադառնում է․ ԱՄՆ դատարանը վերջնաժամկետ է սահմանել

ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ոչ ուշ, քան հոկտեմբերի 18-ը վերսկսի ներգաղթային վիզաների տրամադրման կասեցված գործընթացը՝ գրին քարտերի վիճակախաղը։ Համապատասխան որոշումն ընդունել է Կալիֆոռնիա նահանգի Հարավային շրջանի դատարանը։
«Դատարանը պարտավորեցնում է պատասխանող Մարկո Ռուբիոյին, որը հանդես է գալիս որպես ԱՄՆ պետքարտուղար, մինչև հոկտեմբերի 18-ի կեսգիշերը, սկսել 2027 ֆինանսական տարվա համար բազմազանության ներգաղթային վիզաների ծրագրի գրանցումը։ Գրանցման ժամանակահատվածը պետք է տևի 30 օր»,- ասվում է փաստաթղթում։
Դատարանը նաև պարտավորեցրել է Պետդեպարտամենտին իր պաշտոնական կայքում հրապարակայնորեն հայտարարել գրանցման մեկնարկի ամսաթիվը։
2025 թվականի դեկտեմբերին Սպիտակ տունը որոշել էր կասեցնել գրին քարտերի վիճակախաղի ծրագիրը Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Հրաձգությունն իրականացրած անձը երկիր էր ժամանել վիզաների տրամադրման այս ծրագրով։
Գրին քարտը (բառացի՝ «կանաչ քարտ», պաշտոնական անվանումը՝ Միացյալ Նահանգների մշտական բնակչի քարտ) անձը հաստատող փաստաթուղթ է, որը հավաստում է երկրում մշտապես բնակվելու իրավունքը և թույլ է տալիս աշխատանքի անցնել այն անձանց, որոնք տվյալ երկրի քաղաքացիներ չեն։
Այն հնարավոր է շահել հատուկ վիճակախաղի միջոցով, որը 1990-ական թվականներից ի վեր ամեն տարի անցկացվում է ԱՄՆ կառավարության կողմից՝ ներգաղթյալներ ներգրավելու այն երկրներից, որոնց քաղաքացիները համեմատաբար քիչ են ներկայացված Միացյալ Նահանգներում։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն կարող է տրամադրել մինչև 55 հազար նման վիզա։




















