top of page

Քոլեջների ուսանողների աշխատանքի և վարձատրության նոր կարգ է սահմանվել

3 hours ago
2 min read

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են մասնագիտական կրթական ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ձևերն ու իրականացման ընթացակարգը։ Այս մասին հայտնում է  Iravaban.net-ը:


Նոր սահմանված կարգը կարգավորում է քոլեջների աշխատանքի վրա հիմնված ուսուցման գործընթացի իրավահարաբերությունները, կիրառվող փաստաթղթերի ցանկն ու կազմակերպման մեթոդաբանությունը։ Ըստ կարգավորման՝  Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն (ԱՀՈՒ-ն) կարող է իրականացվել երեք տարբերակով՝ դուալ ուսումնառություն, պրակտիկա և աշխատանքի ընթացքում ուսումնառություն (դրսեկություն)։


Դուալ ուսումնառությունն իրականացվում է միաժամանակ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում (ՄՈՒՀ) և գործատույի մոտ կամ իրական աշխատավայրին համապատասխանեցված միջավայրում, որտեղ ուսումնառության գերակշիռ մասը կազմում է աշխատանքային միջավայրում ուսուցումը, իսկ արդյունքները գնահատվում են գործատուների մասնակցությամբ։ Պրակտիկան լրացնում է հիմնական կրթական ծրագրի ճանաչողական ու գործնական մասը, որի ընթացքում ուսանողը դիտարկում է գործընթացն ու կատարում որոշակի աշխատանքներ։ Աշխատանքի ընթացքում ուսումնառությունը (դրսեկություն) կազմակերպվում է ընթացիկ աշխատավայրում՝ ապահովելով աշխատող անձի միաժամանակյա կրթությունն ու որակավորումը, իսկ ԳԱՈՒ ծրագրի և ընթացիկ գործառույթների տարբերությունը լրացվում է ԳԱՈՒ ծրագրով։


ԱՀՈՒ բոլոր ձևերն իրականացվելու են գործնական աշխատանքային ուսուցման (ԳԱՈՒ) մոդուլային ծրագրով, որը մշակվում է ուսումնական հաստատության և գործընկեր կազմակերպության համատեղ ջանքերով։ Ծրագրով ապահովվելու են մասնագիտական կարողությունների ձևավորումն ու աշխատանքային փորձի կուտակումը, ինչպես նաև խելամիտ հարմարեցումներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների համար։ Համագործակցության համար կողմերը կնքելու են փոխըմբռնման հուշագիր և համագործակցության պայմանագիր։ Գործատուն պարտավոր է նշանակել հրահանգիչ, ուսանողին ներգրավել միայն անվտանգ աշխատանքներում և ապահովել առողջության ու անվտանգության պայմաններն ու պաշտպանության միջոցները։


Դուալ ուսումնառության պարագայում գործատուն ուսանողի հետ կնքում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Պայմանագիր կարող է կնքվել նաև պրակտիկանտի հետ՝ կողմերի առաջարկով․ այս դեպքում ուսումնառությունը համարվում է մասնագիտական փորձառություն և հաշվարկվում աշխատանքային ստաժում։ Միևնույն ժամանակ, պրակտիկայի դեպքում կազմակերպության և ուսանողի միջև կնքվող աշխատանքային պրակտիկայի պայմանագրով աշխատանքային իրավահարաբերություններ չեն առաջանում, և աշխատավարձ չի վճարվում։


Ուսումնառության ընթացքն ու արդյունքները հաշվառվում են ԳԱՈՒ օրագրում, որը համարվում է պետական ամփոփիչ ստուգման մաս և որակավորում շնորհելուց հետո պահպանվում է առնվազն երեք տարի։ Կարգը նաև սահմանում է, որ դիմորդներն ու ուսանողները պետք է նախապես տեղեկացված լինեն իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, ներառյալ՝ փոխհատուցումները, բժշկական զննությունը և դժբախտ դեպքերից ու մասնագիտական հիվանդություններից ապահովագրությունը։

1/3696
bottom of page